Հայաստանի ազգային հերոս:
Հայազգի ռազմական և քաղաքական գործիչ:
(մարտի 5, 1959, Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան),
Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ: Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում, և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ: Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը:
Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:
Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Նա նաև քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից՝ որպես ոչ ժողովրդավար անձ՝ հատկապես ընտրություններում իր դերի համար։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։
Վաղ կյանք և կարիերա
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Այդ պատճառով ազատվել է ԽՍՀՄ բանակում ծառայելու պարտականությունից: 1983-1986 թվականներին եղել է Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավար՝ Արարատի ցեմենտի գործարանում:
Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել: Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ: 1986-1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»-ը, և արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին:
Արցախյան պատերազմ
Վաղ քայլեր և Հայաստանի անկախություն
Հայաստանում Ղարաբաղյան շարժումը լայն աջակցություն գտավ հանրության շրջանում: Հայերը պահանջում էին ԽՍՀՄ ղեկավարներից՝ Հայաստանին միացնել հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որն այդ ժամանակ մտնում էր Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: 1988 թվականի փետրվարին ԼՂԻՄ խորհրդարանը հռչակեց իր համաձայնությունը միացմանը, սակայն կրեմլյան Պոլիտբյուրոն մերժեց: Հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները սրվեցին և գագաթնակետին հասան Սումգայիթի ջարդերից հետո: Սկսվեցին զինված ընդհարումները հատկապես սահմանամերձ և ԼՂԻՄ տարածքներում: 1989 և 1990 թվականներին Սարգսյանը դարձավ հայկական կամավորական ջոկատների հրամանատարը Երասխի մոտ, որը գտնվում էր հայ-ադրբեջանական (Նախիջևանի) սահմանին՝ հայրենի գյուղից ոչ շատ հեռու:
1990 թվականի դրությամբ Վազգեն Սարգսյանը դարձել էր Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը: Սարգսյանը ընտրվեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր 1990 թվականի ընտրություններում: Նա եղել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ մինչև 1991 թվականի դեկտեմբերը: Իր նախաձեռնությամբ հիմնադրվել են «Երկրապահ» կամավորականների ջոկատները: 26 ջոկատից բաղկացած 2 300 անձնակազմով այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր, որը գործում էր Մոսկվայից անկախ: Այս անձնակազմն էլ դարձավ Հայկական բանակի ստեղծման հիմքը:
1991 թվականի դրությամբ Ադրբեջանում հայերի մեծ մասը, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների մեծ մասը, ստիպված հեռացան իրենց բնակավայրերից: Հայաստանը անկախացավ ԽՍՀՄ-ից 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, քանի որ հայերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախության համար անկախության հանրաքվեում. Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերին ընտրվեց Հայաստանի նախագահ:
Ակտիվ ռազմական գործունեություն
Արցախյան ազատամարտ։
Քանի որ Վազգեն Սարգսյանը մեծ համբավ ուներ հայ կամավորական ջոկատներում և բանակի սպայական կազմում, նշանակվեց անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար 1991 թվականի դեկտեմբերին: 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին Հայաստանի զինված ուժերը: Արցախում ռազմական գործողությունների աճի հետ 1992 թվականի մարտին Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30,000 զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովվի երկրի անվտանգությունը: 1992 թվականի մայիսի 9-ին գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը Արցախում՝ Շուշիի ազատագրմամբ: Ոչ պակաս կարևոր հաջողություն էր մի քանի շաբաթ անց Բերձորի ազատագրումը, որով Արցախը ցամաքով կապվեց Հայաստանին:
1992 թվականի ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ Ադրբեջանը ձեռնարկեց Գորանբոյ գործողությունը, ինչի հետևանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը: 1992 թվականի օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերում և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում: Նա հեռուստատեսային իր ելույթում ասաց.
«Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ»։
Սարգսյանի կոչով ձևավորված գումարտակը՝ «Արծիվ մահապարտներ»-ը, կազմավորվեց 1992 թվականի օգոստոսի 30-ին՝ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո և պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ, համապատասխանաբար, 1992 թվականի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության՝ մահապարտների գումարտակը կանգնեցրեց ադրբեջանցիների առաջխաղացումը և բեկեց պատերազմի ընթացքը հայերի օգտին:
Հայաստանի ռազմական հաղթանակ
1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտը Վազգեն Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը պաշտպանության հարցերի գծով և ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Դրանից հետո նա նշանակվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար: Այս պաշտոններում Սարգսյանը մեծ դեր ունեցավ Հայաստանի բանակի կայացման գործում: Մյուս հիմնական հրամանատարների հետ նա ղեկավարեց գլխավոր ռազմական գործողությունները Արցախում: Հատկապես նա ակտիվորեն միավորեց մի քանի կիսանկախ ստորաբաժանումներ պատերազմական գոտում: Քաղաքական քաոսը Ադրբեջանում և ադրբեջանական բանակի մարտունակության անկումը, ինչպես նաև հայկական զորամիավորների խմբավորումը, թույլ տվեցին հայկական ուժերին վերահսկողության տակ վերցնել Արցախը և դրա հարակից մի քանի շրջան: 1993 թվականին Սարգսյանը հիմնեց և գլխավորեց Երկրապահ կամավորական շարժումը, որի մեջ ընդգրկվեց մոտ 5,000 պատերազմի վետերան, և որը առաջատար դիրք ունեցավ Հայաստանի քաղաքականության մեջ և հիմք հանդիսացավ Սարգսյանի համար հասնել իշխանության:
1993 թվականին հայկական ուժերը ազատագրեցին Քարվաճառը, որից հետո Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ: 1993 թվականի ամռանը հայկական ուժերը ազատագրեցին Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլը և Կովսականը: 1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկյան արձանագրությունը ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից: Արցախը դե ֆակտո ձեռք բերեց անկախություն, սակայն այն մնում է միջազգայնորեն չճանաչված հանրապետություն:
Պաշտպանության նախարար և նախագահի փոփոխություն
1995 թվականի հուլիսի 26-ին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվեց պաշտպանության նախարար: Նա մնաց այս պաշտոնին մոտ չորս տարի[9]: Հայկական բանակը այդ տարիներին համալրվել էր լավագույն մասնագետներով և համարվում էր տարածաշրջանի հզորագույն բանակներից մեկը: Ըստ Թոմաս դե Վաալի՝ նրա գլխավորությամբ բանակը Հայաստանի հզորագույն ինստիտուտներից էր: Սարգսյանը ցանկանում էր բանակը դարձնել պրոֆեսիոնալ:
Սարգսյանի օրոք՝ 1997 թվականին, բանակը կրկնապատկվեց՝ համեմատած նախորդ երկու տարիների: Նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է լուծել Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով, ինչին Սարգսյանը պատասխանեց.-
«Թող նա դա անի: Մենք պատրաստ ենք»:
Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ սերտ կապեր հաստատվեցին Ռուսաստանի և Հունաստանի հետ: Սարգսյանը նաև ջերմ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի ռազմական էլիտայի հետ, հատկապես պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ: Ըստ Jamestown Foundation-ի՝ նա ռազմական դիվանագիտական հարաբերություններ ուներ Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Իրանի և Բուլղարիայի հետ:
Ուժային նախարար. 1995–1996 ընտրություններ
Սարգսյանը հետպատերազմյան Հայաստանում դարձավ գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, ում սատարում էր բանակը, որը Հայաստանի միակ կայացած կառույցն էր: Նրան բնորոշում էին որպես Հայաստանի քաղաքականության գորշ կարդինալ, ով կարողանում էր նշանակել և պաշտոնանկ անել բարձրաստիճան անձանց: Պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը գտնվում էր ճգնաժամի մեջ, այդ պատճառով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդականություն չէր վայելում: 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը, և ձերբակալվեցին նրա առաջնորդները` իրեն ավել կախյալ դրության մեջ դնելով ուժային կառույցներից, որոնք էին՝ Պաշտպանության նախարարությունը (նախարար Վազգեն Սարգսյան), Ներքին գործերին նախարարությունը (Վանո Սիրադեղյան) և Ազգային անվտանգությունը (Սերժ Սարգսյան): 1995 թվականին Վազգեն Սարգսյանը օգնեց Տեր-Պետրոսյանի Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը հաղթել խորհդարանական ընտրություններում և անցկացնել սահմանադրական հանրաքվեն, որը նախագահին տվեց ավելի մեծ լիազորություններ՝ դատական և իրավական համակարգում: Ընտրություններն անցկացվեցին բազմաթիվ ընտրախախտումներով:
Սարգսյանը նաև օգնեց Տեր-Պետրոսյանին 1996 թվականի նախագահական ընտություններում և դրանց հետագա զարգացումներում: Ընտրություններից մի քանի օր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ սատարում է Տեր-Պետրոսյանին և իր խոսքում ասաց, որ Հայաստանը պետք է մուտք գործի 21-րդ դար՝ հաղթանակած և կայուն տնտեսությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ որպես նախագահ: Ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 22-ին և լայնորեն քննադատվեցին միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, որոնք գտան լուրջ իրավախախտումներ: Պաշտոնական արդյունքներով՝ Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ առաջին փուլում` հավաքելով 50 %-ից մի փոքր ավելի ձայն: Ընտրությունների արդյունքները չընդունվեցին ընդդիմության ղեկավար Վազգեն Մանուկյանի կողմից, ով, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր ձայների 41 %-ը: Մանուկյանը սկսեց կազմակերպել հանրահավաքներ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի: Ցույցերը իրենց կիզակետին հասան սեպտեմբերի 25-ին, երբ Մանուկյանի գլխավորած հազարավոր ցուցարարներ շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որը գտնվում էր Բաղրամյան պողոտայում: Ավելի ուշ ցուցարարները կոտրեցին շենքի դարպասները և ներխուժեցին շինություն: Նրանք ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին: Ի պատասխան՝ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ անգամ եթե նրանք (ընդդիմությունը) հաղթեր 100 տոկոս ձայներով, ո՛չ բանակը, ո՛չ Ազգային անվտանգությունը և ո՛չ Ներքին գործերի նախարարությունը չէին ընդունի այդ ղեկավարներին: Այս խոսքերի համար նրան ավելի ուշ քննադատեցին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցները: Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության զորքերը, տանկերը և զինվորականները մտցվեցին Երևան, որպեսզի ճնշվեին ցույցերը: Սարգսյանը և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեցին, որ հեղաշրջման փորձը տապալված է:
Առաջնորդի փոփոխություն, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական
1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին վերջնական հայտարարի գալ Արցախի հիմնախնդրի շուրջ: Սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը հայտարարեց խնդիրը քայլ առ քայլ լուծելու իր պատրաստակամության մասին, որը ներառում էր ԼՂԻՄ հարակից տարածքների փոխանցումը Ադրբեջանին: Տեր-Պետրոսյանը նաև համաձայնեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, որին կհետևեր Թուրքիայի հետ սահմանի բացումը, ինչը զգալիորեն կբարելավեր Հայաստանի տնտեսությունը: Երբ այս պլանը հրապարակվեց, այն դարձավ լայն քննադատության առարկա: Հայ ժողովուրդը պատրաստ չէր տարածքներ զիջել, քանի որ Արցախյան ազատամարտում հաղթանակ էր տարել: Ըստ քաղաքագետ Վիգեն Չետերյանի՝ իր այս քայլով Տեր-Պետրոսյանը կորցրեց իր իշխանության վերջին լծակը, քանի որ, բացի այդ էլ, նա ցածր ժողովրդականություն էր վայելում:
Արցախի կառավարությունը, հայկական ինտելեգենցիան և սփյուռքը նույնպես դեմ էին այս զիջումներին: Վազգեն Սարգսյանը արագորեն հայտարարեց, որ ինքը դեմ է նախագահի որոշմանը և դարձավ կառավարության մեջ ընդդիմախոսների դե ֆակտո առաջնորդը: Նրան միացան երկու կարևոր պաշտոնյաներ` վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և Անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: 1997 թվականի հոկտեմբերի 21-ին Հանրապետական խմբի տասը անդամներ հեռացան իրենց խմբակցությունից և հայտարարեցին իրենց աջակցության մասին Վազգեն Սարգսյանին: Տեր-Պետրոսյանի խմբակցությունը Ազգային ժողովում մնաց մեծամասնություն և առավելությունը ընդամենը երկու նստատեղ էր: Չնայած մեծ հանրային և քաղաքական ընդդիմությանը՝ Հայոց համազգային շարժում կուսակցությունը կողմ քվեարկեց Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությանը:
1998 թվականի հունվարի 7-8-ը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը չունի այլևս այնքան աջակցություն, որպեսզի շարունակի նախագահել: 1998 թվականի հունվարի 23-ին քաղաքական ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, երբ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, և մեղադրեց ՀՀՇ կուսակցությանը՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու մեջ: Սարգսյանը նաև երաշխավորեց, որ բանակը չի խառնվի ներքին քաղաքական հարցերին:
Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականի փետրվարի 3-ին: Ըստ Միչել Պ. Կրոսանտի՝ հրաժարականը ներկայացվել էր Վազգեն Սարգսյանի կողմից տրված վերջնագրից հետո: Իր հրաժարականի ելույթում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ որպես «իշխանությանը լավ ծանոթ անձինք»: Նա իր հրաժարականի հիմնական պատճառը նշեց երկրում ապակայունացումը թույլ չտալը: Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հրաժարական ներկայացրին նաև Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանը, նրա երկու տեղակալները, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և այլք: Նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ Ազգային ժողովում: Հանրապետական խմբի շատ անդամներ (շատերը նախկինում եղել են ՀՀՇ անդամներ) միացան Վազգեն Սարգսյանի Երկրապահ խմբակցությանը և 69 անդամով դարձան մեծամասնություն:
Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները սկսեց կատարել վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: 1998 թվականի փետրվարի 5-ին Սարգսյանը ասաց, որ սա հեղաշրջում չէ, և ասաց, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը տխուր էր, բայց բնական: Սարգսյանը բացատրեց, որ նախագահի հրաժարականը իր համար անսպասելի էր, և ինքը վերջին երեք ամիսների ընթացքում փորձում էր շտկել հարաբերությունները նրա հետ:
1998 թվականի ընտրություններ, Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նախագահ
Սարգսյանը բացեիբաց աջակցեց Քոչարյանին և օգտագործեց իր ազդեցությունը նախագահական ընտրություններում: Նա Քոչարյանին անվանեց «մարդ, ում համար խոսքը և գործը միասին են» և նշեց նրա ավանդը Արցախում և Հայաստանում: Քոչարյանի գլխավոր մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, ով նախկինում՝ 1974-1988 թվականներին, եղել էր Խորհրդային Հայաստանի ղեկավարը:
Ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածու չստացավ ձայների մեծամասնությունը, և նշանակվեց երկրորդ փուլ՝ մարտի 30-ին, որտեղ հաղթեց Քոչարյանը` հավաքելով ձայների 58,9 %-ը: ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելությունն ընտրությունների առաջին փուլում խորը անհանգստություն արտահայտեց ընտրությունների վերաբերյալ, իսկ վերջնական հաշվետվության մեջ առաքելությունը ընտրությունները բնորոշեց լուրջ իրավախախտումներով, որոնք չեն համապատասխանում ԵԱՀԿ ստանդարտներին: Չնայած Դեմիրճյանը պաշտոնապես չբողոքարկեց ընտրությունները, նա երբեք չհամաձայնեց արդյունքների հետ և չշնորհավորեց Քոչարյանին: Այնուամենայնիվ, ընտրություններից հետո Սարգսյանը հորդորեց Քոչարյանին վարչապետ նշանակել Դեմիրճյանին՝ քաղաքական ընդվզումները բացառելու համար:
Անգամ նախագահ դառնալուց հետո՝ Քոչարյանը չունեցավ նշանակալի կառուցվածքային ազդեցություն (օրինակ` վերահսկողություն բանակի նկատմամբ, ֆինանսավորման աղբյուր) և մնաց հիմնական քաղաքական գործընթացներից դուրս: Ղարաբաղյան հարցում Քոչարյանը ավելի ամուր դիրքորոշում ուներ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նաև հորդորեց միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչին ավելի քիչ ուշադրություն էր դարձնում Տեր-Պետրոսյանը: Թուրքիան և Ադրբեջանը միահամուռ շարունակում էին Հայաստանի շրջափակումը և տարածաշջանային նախագծերից մեկուսացումը: Նրան սատարում էր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գործունեությունը թույլատրվեց ընտրություններից մեկ ամիս առաջ:
Ամենաազդեցիկ պետական գործիչ
Երկրապահի քաղաքականացում
1998 թվականի դրությամբ Վազգեն Սարգսյանը դարձավ Հայաստանի ամենաազդեցիկ պետական գործիչը, քանի որ Երկրապահ խմբակցությունը, որի անդամներն էին նրան հավատարիմ պատերազմի վետերանները, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո դարձավ մեծամասնություն Ազգային Ժողովում: Երկրապահը միավորվեց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, որը ավելի փոքր, բայց գաղափարախոսությամբ Երկրապահին նման կուսակցություն էր և 1998 թվականի ամռանը վերցրեց կուսակցության անվանումը և նրա իրավական կարգավիճակը: Չնայած Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահը չէր, սակայն նա համարվում էր կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդը:
Նախագահական ընտրություններից հետո Սարգսյանի և Քոչարյանի հարաբերությունները վատթարացան, քանի որ Սարգսյանը իր թիմում սկսեց հավաքագրել անձանց, ովքեր կապ չունեին կամ ընդդիմանում էին Քոչարյանին: Մի քանի ամսում տեղի ունեցավ երեք պաշտոնյաների սպանություն, ինչը առիթ տվեց հասարակությանը ենթադրելու, որ Սարգսյան-Քոչարյան հարաբերությունները լարված են: 1998 թվականի օգոստոսին սպանվեց Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիխ Խաչատրյանը, ով Քոչարյանի մոտիկ ընկերն էր: Նա սպանվեց իր գրասենյակում, «կասկածելի հանգամանքներում»: 1998 թվականի դեկտեմբերին նույնատիպ կասկածելի հանգամանքներում սպանվեց Պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խոռխոռունին: 1999 թվականի փետրվարին սպանվեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արծրուն Մարգարյանը:
Դաշինք Դեմիրճյանի հետ
Սկզբնական շրջանում հայտարարվեց, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, և նրա հիմնական նպատակն է մեծամասնություն ստանալ Ազգային ժողովում: Շատերի համար անսպասելի, 1999 թվականի մարտի 30-ին Վազգեն Սարգսյանը և 1998 թվականի նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանը հայտարարեցին դաշինք կազմելու մասին՝ իրենց գլխավորած Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունների միջև: Դաշինքը հայտնի դարձավ «Միասնություն դաշինք» անվանմամբ: Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ դաշինքը իրական է, և նրանք միասին առաջնորդելու են Հայաստանը դեպի զարգացում և բարգավաճում: Երբ նրան հարցրեցին Դեմիրճյանին միանալու պատճառների մասին, Սարգսյանը պատասխանեց. «Այլ ելք չկա»: Ըստ ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովի՝ Սարգսյանի համար ավելի լավ էր դաշինք կազմել հանրության կողմից սիրված Դեմիրճյանի հետ, քան ունենար նման հակառակորդ, և չնայած նրանց գաղափարական տարաձայնություններին՝ նրանք միասնական ուժերով կարող էին հաղթահարել արդի դժվարությունները
1999 թվականի խորհրդարանական ընտրություններ
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սարգսյանը բազմիցս հայտարարեց, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար: Սարգսյանը և Դեմիրճյանը իրենց նախընտրական ծրագրում շեշտը դրեցին տնտեսական բարեփոխումների վրա և խոստացան ընտրվելու դեպքում բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը: Խոսելով Երկրապահի մասին, որն արդեն վերածվել էր Հանրապետական կուսակցության՝ Սարգսյանը հայտրարարեց, որ մարտի դաշտում հաղթանակ տարած կուսակցությունը կհաղթի նաև տնտեսական դաշտում: Նա, իր լավատեսությունը կիսելով, համոզված էր, որ նրանք միասին կփոխեն շատ բաներ և կգտնեն ճիշտ ուղին: «Միասնության դաշինք»-ը «պահանջված էր հանրության լայն հատվածի կողմից, պետք է պայքարեր օրենքի ուժով, իրականացներ տնտեսական բարեփոխումներ և ստեղծեր պետություն, որը կապահովեր բոլորի տնտեսական ապահովվածությունը[99]»: Նախընտրական շրջանում «Միասություն դաշինք»-ը ընդունվեց լայնորեն և համարվում էր ընտրությունների գլխավոր հավակնորդը:
Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1999 թվականի մայիսի 30-ին՝ Սարգսյան-Դեմիրճյան դաշինքի ձևավորումից ընդամենը երկու ամիս անց: «Միասնության դաշինք»-ը ստացավ ընտրողների ձայների 41,5 %-ը և խորհրդարանում ստացավ 131 տեղից 62-ը: Մեծամասնության հասնելու համար դաշինք կնքվեց 25 պաշտոնապես անկուսակցական պատգամավորների հետ: Ընտրական գործընթացը «հիմնականում անցավ ավելի լավ, քան անցած ընտրությունները», սակայն ԺՀՄԻԳ-ն ասաց, որ այն «թափանցիկ չէր և չէր համապատասխանում իրենց պահանջներին:» ԺՀՄԻԳ-ի եզրափակիչ հաշվետվության մեջ բացատրվեց, որ «ընտրությունները քայլ առաջ էր ԵԱՀԿ դրույթներին համապատասխան», և բացատրեց, որ չնայած կառավարության կողմից թափանցիկության վերաբերյալ խոստումներին՝ այնուամենայնիվ, լուրջ ընտրախախտումներ տեղի են ունեցել: Եվրոպայի Խորհուրդը նույնպես արձանագրեց «քայլ առաջ»՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ: Միջազգային հարցերով ազգային ժողովրդավարական ինստիտուտի հաշվետվությունը ավելի քննադատական էր` ասելով, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին և ի տարբերություն 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների՝ փոխվել են միայն խախտումների մեխանիզմները:
Վարչապետ
1999 թվականի հունվարին Հանրապետական կուսակցության համագումարում Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է մնալ պաշտպանության նախարար: Ընտրություններից հետո Սարգսյանը ցանկացավ միավորել վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները, սակայն դա հնարավոր չէր Հայաստանի Սահմանադրությամբ: 1999 թվականի հունիսի 11-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իսկ «Միասնության դաշինք»-ի մյուս համանախագահ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Ազգային ժողովի խոսնակ:
Շատ մասնագետների կարծիքով՝ Սարգսյանը վարչապետի պաշտոնում ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր Հայաստանում, մինչդեռ այլ մասնագետներ կարծում էին, որ նա ամենաազդեցիկն էր դրանից շատ առաջ: Ըստ Մարկ Գրիգորյանի՝ նրա ակտիվությունը ստվերում էր Քոչարյանին: Չնայած Քոչարյանը ողջունում էր նրանց դաշինքը, նրա իշխանությունը գնալով թուլանում էր և անցնում էր երկրորդ պլան: Որոշ քաղաքական վերլուծաբաններ կարծում էին, որ Սարգսյան-Դեմիրճյան դաշինքը ի վերջո կբերի Քոչարյանի հրաժարականին: Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Քոչարյանը գնալով նմանվում է Անգլիայի թագուհուն: Չնայած Վազգեն Սարգսյանը այլևս պաշտպանության նախարար չէր, նա դե ֆակտո մնաց բանակի առաջնորդ, քանի որ նրան փոխարինեց իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանը:
Տնտեսական քաղաքականություն
Երբ Սարգսյանը դարձավ վարչապետ, Հայաստանի տնտեսությունը դեռ չէր վերականգնվել ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած տնտեսական և էներգետիկ ճգնաժամից: Սարգսյանը գլխավոր ուշադրությունը դարձրեց Հայաստանից մեծացող արտագաղթի վրա, որն սկսվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո: 1998 թվականի Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամն էլ ավելի վատթարացրեց իրավիճակը և բերեց բերեց բնակչության կենսամակարդակի վատթարացմանը:
Հունիսի 18-ին Սարգսյանը Ազգային ժողովի իր ելույթում Հայաստանի տնտեսությունը բնորոշեց «մահացած»: Բյուջեի եկամուտները 20 %-ով քիչ էին, քան կառավարությունը ծրագրավորել էր, քանի որ հարկային մակարդակը ցածր էր, իսկ կոռուպցիայի մակարդակը՝ շատ բարձր: Սարգսյանը նաև քննադատեց հետխորհրդային ժամանակաշրջանի սեփականաշնորհման գործընթացը Տեր-Պետրսյանի կառավարության կողմից և նշեց, որ Հայաստանը այլընտրանք չունի, և կառավարությունը շատ աշխատանք ունի անելու: Հուլիսի 28-ի իր ելույթում Սարգսյանը տնտեսական վիճակը բնութագրեց որպես ծայրաստիճան բարդ, սակայն ոչ հուսահատ: Ըստ նրա՝ 1999 թվականի առաջին կեսում բյուջեի եկամուտները 61 միլիոն դոլարով ավելի քիչ էին, քան պլանավորել էր Դարբինյանի կառավարությունը: Նա ասաց, որ բյուջեի պակասորդի գլխավոր պատճառը հարկերի սխալ հավաքագրումն է:
Չնայած ընդդիմության քննադատություններին՝ հատկապես Ազգային ժողովրդավարական միության, «Միասնություն դաշինք»-ը կողմ քվեարկեց Սարգսյանի կառավարության կոշտ տնտեսական քաղաքականությանը, որը թույլ տվեց Հայաստանին վարկեր վերցնել Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ): Համաշխարհային բանկը Հայաստանին տվել էր մոտ կես միլիարդ դոլար վարկ՝ սկսած 1992 թվականից, բյուջեի պակասորդը ֆինանսավորելու համար: Սարգսյանի կաբինետը ցանկացավ դիվերսիֆիկացնել 32 միլիոն դոլարը բյուջետային ֆոնդերում, որպեսզի կարողանա սպասարկել արտաքին պարտքը: Այս նպատակով բարձրացվեց ակսցիզային հարկը ծխախոտների համար 200 %-ով, իսկ դիզվառելիքի համար՝ 45 %-ով, ինչը լուրջ վնաս հասցրեց միջին խավին: Սարգսյանը սա անվանեց ցավոտ, սակայն ճիշտ քայլ էր, որը անհրաժեշտ էր Հայաստանի տնտեսությանը:
Նշանակալի իրադարձություններ
Իր վարչապետության օրոք Սարգսյանի աջակցությամբ կազմակերպվեցին երեք հիմնական իրադարձություններ: 1999 թվականի օգոստոսի 28-ին Երևանում սկսվեցին առաջին Համահայկական խաղերը: Խաղերին մասնակցեց ավելի քան 1.400 մարզիկ՝ 23 երկրից: Փակման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Երևանի մարզագամերգային համալիրում, որին մասնակցեցին Ռոբերտ Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը: Համահայկական խաղերից քիչ ժամանակ հետո սկսվեցին Հայաստանի անկախության ութերորդ տարեդարձին նվիրված միջոցառումները:
Սեպտեմբերի 21-ին՝ անկախության տարեդարձի օրը, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ: Վազգեն Սարգսյանը, հանրապետության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հետևեց շքերթին պատվահարթակից:
Շքերթին հաջորդած մյուս երկու օրերին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի էլիտան, սփյուռքի շատ կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, հոգևոր առաջնորդներ, գրողներ և հայկական գաղթօջախների մոտ 1 200 ներկայացուցիչներ 53 երկրից, ինչը աննախադեպ ցուցանիշ էր: Վազգեն Սարգսյանը համաժողովի երկրորդ օրը բացեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին իր ելույթ-հաշվետվությամբ: Համաժողովը փակեց նույնպես Սարգսյանը:
Սպանություն
Սպանություն և հուղարկավորություն
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 17:15-ի սահմաններում, հինգ անձինք, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարենը, նրա մորեղբայր Վռամը և երկու այլ անձ, զինված Կալաշնիկովի ինքնաձիգերով՝ իրենց երկար անձրևանոցների տակ թաքցրած, մտան ՀՀ Ազգային ժողովի շենք, երբ այնտեղ տեղի էր ունենում կառավարության հարցուպատասխանի գործընթացը: Նրանք մահացու գնդակահարեցին Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի անդամներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին և Միքայել Քոթանյանին: Հրաձգության արդյունքում վիրավորվեցին խորհրդարանի մոտ 30 անդամներ: Խումբը պնդում էր, որ նրանք իրականացնում են պետական հեղաշրջում: Նրանք իրենց գործողությունը բնորոշում էին որպես «հայրենասիրական» և «պահանջված՝ ժողովրդի կողմից»: Նրանք ասում էին, որ պատժում են ղեկավարությանը իր արարքների համար և կառավարությանը անվանում էին «սպեկուլյանտներ, ովքեր խմում են ժողովրդի արյունը: Նրանք բացատրում էին, որ Հայաստանը գտնվում է անմխիթար վիճակում, և «կոռումպացված կառավարությունը ոչինչ չի անում այն փրկելու համար»: Վազգեն Սարգսյանը խմբի հիմնական թիրախն էր, և մնացած սպանվածները, ըստ նրանց, պատահականություն էին: Ըստ լրագրողների, ովքեր ականատես էին եղել սպանություններին՝ մի մարդ մոտեցել է Սարգսյանին և ասել. «Հերիք է՝ խմես մեր արյունը»: Վազգեն Սարգսյանի ուղղությամբ կրակել են մի քանի անգամ: Աննա Իսրայելյանը, ով ականատես լրագրողներից մեկն էր, պատմեց, որ առաջին կրակոցները ուղիղ Վազգեն Սարգսյանի ուղղությամբ էին՝ մեկ կամ երկու մետրից, և ըստ նրա՝ անհնար էր, որ նա մնար, փրկվեր: Սարգսյանի մարմինը դուրս բերվեց խորհրդարանի շենքից հոկտեմբերի 27-ի երեկոյան:
Ոստիկանությունը, բանակային ուժերը զրահափոխադրիչներով շրջափակեցին շինությունը: Նախագահ Քոչարյանը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և հայտնեց, որ իրավիճակը իրենց վերահսկողության տակ է: Զինված անձինք համաձայնվեցին բաց թողնել պատանդներին Քոչարյանի հետ հանդիպելուց հետո և անձնատուր եղան հոկտեմբերի 28-ին:
Հոկտեմբերի 28-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց երեքօրյա սուգ: Գնդակահարությունների զոհերի հուղարկավորությունը տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին: Զոհերի մարմինները, ներառյալ Վազգեն Սարգսյանի մարմինը, դրվեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում: Հրաժեշտ տալու նպատակով ժամանեցին մեծ թվով բարձր պաշտոնյաներ մոտ 30 երկրից, ներառյալ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։
Հետաքննություն և իրարամերժ վարկածներ
Հոկտեմբերի 29-ին հինգ զինված անձինք ձերբակալվեցին ահաբեկչության կասկածանքով: Հետաքննությունը գլխավորեց ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով իր թիմի հետ սկսեց հետաքննությունը ձերբակալությունից անմիջապես հետո: Ըստ Ջհանգիրյանի՝ հետաքննության խումբը սկզբնական շրջանում ուներ տասից ավելի վարկածներ: 2000 թվականի հունվարին Ջհանգիրյանը հետաքննության արդյունքում հավանական համարեց Քոչարյանի կապը սպանությունների հետ: Քոչարյանին մոտ կանգնած մի քանի անձինք ձերբակալվեցին, ներառյալ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Հարություն Հարությունյանը, սակայն նույն տարվա ամռանը նրանք անմեղ համարվեցին: Բացի այդ, Ջհանգիրյանի կողմից ահաբեկչության և Քոչարյանի միջև կապի բացահայտման ջանքերը ապարդյուն անցան: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարին, և արդյունքում ահաբեկչության կազմակերպիչ հինգ անձինք (Նաիրի Հունանյանը, նրա կրտսեր եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայր Վռամ Գալստյանը, Դերենիկ Եջանյանը և Էդուարդ Գրիգորյանը) դատապարտվեցին ցմահ ազատազրկման 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:
Հարձակման պատճառի վերաբերյալ ծնունդ առան բազմաթիվ իրարամերժ վարկածներ: Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը 2009 թվականին հայտարարեց, որ «պաշտոնյաների կողմից ոչինչ չի արվել, որպեսզի հանցագործությունը բացահայտվի, փոխարենը ամեն ինչ արվել է, որպեսզի այն կոծկվի»: 2013 թվականի մարտին Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ շատ հարցեր ունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարություններին: Նա ավելացրեց, որ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը գցեց հանրային վստահությունը իշխանության հանդեպ և շատ հարցեր մնացին բաց՝ մինչ օրս: Ըստ նրա՝ հանցագործության բացահայտումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: 2013 թվականին Կարեն Դեմիրճանի այրի Ռիտան իր հարցազրույցում հերքեց, որ սպանությունները պատվիրված էին դրսից, և ըստ նրա՝ դա եղել է սպանություն, ոչ թե հեղաշրջում:
Չնայած հետաքննությունը որևէ կապ չգտավ Քոչարյանի և Հունանյանի խմբերի միջև, շատ հայ քաղաքագետներ և վերլուծաբաններ հավատում են, որ սպանությունների հետևում կանգնած են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը և այլ քաղաքական գործիչներ: 2002 թվականին Ալբերտ Բազեյանը նշեց, որ «Մենք եկանք եզրահանգման, որ ոճիրի արդյունքում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը դարձավ անսահմանափակ և անվերահսկելի: Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ֆիզիկական ոչնչացմամբ կազմակերպիչները ցանկանում էին, որ Քոչարյանը հաղթի ապագա նախագահական ընտրություններում»: Տեր-Պետրոսյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և նրանց «հանցավոր-օլիգարխիկ» համակարգին՝ որպես հանցագործության գլխավոր նախաձեռնողներ: Զինված խմբի առաջնորդ Նաիրի Հունանյանը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) անդամ: Ըստ ՀՅԴ-ի՝ նա հեռացվել է Դաշնակցության շարքերից 1992 թվականին՝ վատ պահվածքի համար, և դրանից հետո որևէ կապ չի ունեցել Դաշնակցության հետ: Շատերը փորձում էին շահարկել նրա կապը Դաշնակցության հետ և Դաշնակցությանը՝ սպանությունների հետ:
Արտաքին ուժերի հնարավոր ներգրավվածություն
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հանցանքում ներգրավված են եղել արտաքին ուժեր, ներառյալ Ռուսաստանը: Նրանք նշում են այն փաստը, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են եղել Արցախի հիմնախնդրի շուրջ պայմանագրի կնքմանը 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլում կայացած վեհաժողովի ժամանակ, ինչը չէր բխում Ռուսաստանի շահերից:
Ռուսաստանի գաղտնի ծառայության տնօրեն Ալեքսանդր Լիտվինենկոն մեղադրում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին ահաբեկչական գործողությունները կազմակերպելու մեջ, որպեսզի տապալի բանակցային գործընթացը Արցախի հարցի կարգավորման շուրջ: Սակայն նրա մեղադրանքները աջակցություն չստացան: Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնյաները հերքեցին այս մեղադրանքները:
Ֆրանսամետ քաղաքական վերլուծաբան և նախկին հոգևորական Արծրուն Ավետիսյանը (հոգևոր անունը՝ Տեր Գրիգոր) Ա1+ հեռուստաալիքին տրված հարցազրույցում նշեց, որ ահաբեկչության հետևում կանգնած են ռուսական գաղտնի ծառայությունները: Նա նաև հավելեց, որ գնդակահարությունները կազմակերպել էր գեներալ լեյտենանտ Վահան Շիրխանյանը, ով եղել է պաշտպանության նախարարի տեղակալը 1992-1999 թվականներին: Նրա խոսքով՝ ահաբեկչությունը պատվիրել էր Անվտանգության դաշնային ծառայությունը, որպեսզի իշխանության բերի «Նեո-Բոլշևիկ հանցագործ կլանին», ի դեմս՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի:
Այլ վերլուծաբաններ կարծում էին, որ Արևմուտքի շահերից էր հեռացնել Սարգսյանին և Դեմիրճյանին քաղաքական հարթակից, ովքեր մտերիմ կապեր ունեին Ռուսաստանի հետ: Ղարաբաղյան կոմիտեի առաջնորդներից Աշոտ Մանուչարյանը, ով արտաքին գործերի նախկին նախարարն էր, 2000 թվականին հայտարարեց, որ Հայաստանի պաշտոնյաները օտար երկրից տեղեկացված են եղել ահաբեկչության մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքի հատուկ ծառայություններն են կանգնած գնդակահարությունների հետևում: Մանուչարյանի խոսքով՝ ԱՄՆ և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հետաքրքրված էին Հայաստանում վիճակը խառնելու գործում:
Անձնական կյանք և եղբայրներ
Սարգսյանը երբեք չի ամուսնացել: Ըստ նրա՝ ընկեր և սոցապ նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի, Սարգսյանը 1987 թվականի դեկտեմբերին խոստացել էր ամուսնանալ մինչև դրան հաջորդող տարվա մարտի 8-ը: Ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988 թվականի փետրվարին, և ըստ Մարտիրոսյանի՝ «տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»: 1997 թվականին իր հարցազրույցում Սարգսյանը նշեց, որ իր կողմից սիրված պատմական ռազմական գործիչը Շառլ դը Գոլն է: Նրան հարցրեցին՝ ինչպիսի Հայաստան եք ցանկանում տեսնել հինգ տարուց, նա պատասխանեց. «Անկախ, ինքնիշխան երկիր՝ ուժեղ մշակույթով, դպրոցով և բանակով»:
Վազգենը ուներ երկու կրտսեր եղբայրներ` Արամը և Արմենը: Արամը Քոչարյանի կողմից նշանակվեց Հայաստանի վարչապետ 1999 թվականի նոյեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի մահից մեկ շաբաթ անց, ինչը մեծամասնության կողմից դիտվեց բարի կամքի դրսևորում: Նա նշեց, որ Հայաստանը չունի անվտանգության հատուկ մեխանիզմ, ինչով պայմանավորված սպանվեց նրա եղբայրը: Արամ Սարգսյանը պաշտոնավարեց որպես վարչապետ ընդամենը վեց ամիս: Նա հեռացավ պաշտոնից 2000 թվականի մայիսի 2-ին: Իր հեռուսատատեսությամբ եթերում Քոչարյանը հայտնեց, որ Արամ Սարգսյանի հեռանալու պատճառը վստահության կորուստն է: Քոչարյանը նաև մեղադրեց Արամին՝ քաղաքական խաղերում ներքաշվելու համար:
2001 թվականի ապրիլին Արամ Սարգսյանը մի խումբ նախկին «Երկրապահների» հետ, ինչպիսիք էին Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան, հիմնադրեց «Հանրապետություն» կուսակցությունը: Կուսակցության համահիմնադիր Բազեյանը նշեց, որ կուսակցության հիմնական խնդիրն է հասնել հոկտեմբերի 27-ի ոճրագործության և դրա հանգամանքների արդարացի հետաքննության: Կուսակցությունը սատարեց Ստեփան Դեմիրճյանին՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի նախագահական ընտրություններում և Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդեմ Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախագահական ընտրություններում: 2013 թվականին՝ իր եղբոր մահից 14 տարի անց, Արամ Սարգսյանը իր հարցազրույցում ասաց.
«Եթե որոշ բաներ կատարվեր՝ ինչպես Վազգեն Սարգսյանն էր ցանկանում, ես չէի լինի ընդդիմություն և կանեի ամեն ինչ, ինչպես նա կցանկանար: Այսօր ես մարտնչում եմ, որպեսզի նրա ցանկություններն իրականանան: Նրա ցանկություները շատ պարզ էին: Նա ցանկանում էր տեսնել ուժեղ Հայաստան: Վազգենը լավատես, հույսերով լի, ազնիվ, հավատացյալ և հայրենասեր մարդ էր: Վազգենից հետո նախագահը արեց հակառակը: Նա միայն գործեց որպես նյութապաշտ և ինքնասեր` անելով ամեն ինչ, որպեսզի մնա իշխանության` վատթարացնելով երկրի վիճակը»:
Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը` Արմենը, սատարեց Սերժ Սարգսյանին 2013 թվականի նախագահական ընտրություններում:
Ժառանգություն և հիշատակ
Վազգեն Սարգսյանին Արցախի հերոսի կոչումը շնորհվել է 1998 թվականին, ինչը Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումն է: 1999 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ոճրագործությունից ուղիղ երկու ամիս անց, Սարգսյանին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի կոչումը: Նա լայնորեն ճանաչված է որպես Հայկական բանակի հիմնադիր:
1999 թվականի դեկտեմբերի 28-ի Նախագահի հրամանագրով՝ Երևանի ռազմական ուսումնարանը կոչվեց Վազգեն Սարգսյանի անվան: Նույն հրամանագրով Հանրապետական մարզադաշտը Երևանում նույնպես կոչվեց նրա անվամբ: Հայաստանում և Արցախում բազմաթիվ փողոցներ կրում են նրա անունը, ներառյալ Երևանի Կենտրոն շրջանի մեկ փողոց և Ստեփանակերտի մեկ փողոց և Կապանի մեկ զբոսայգի: Նրա պատվին արձաններ կանգնեցվեցին Երևանում (2007), Արարատում (2009), Վանաձորում, Շուշիում և այլ վայրերում: 2000 թվականի հոկտեմբերի 27-ը հայտարարվեց հիշատակի օր՝ Հայաստանի կառավարության կողմից: 2002 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեդալ թողարկեց Վազգեն Սարգսյանի անվամբ:
Ամեն տարի մարտի 5-ին (նրա ծննդյան օրը) և հոկտեմբերի 27-ին (նրա սպանության օրը), Սարգսյանին հիշում են Հայաստանում և Արցախում: Նրա ընկերները Երկրապահից, բարձրաստիճան պաշտոնյաները և այլք այցելում են Եռաբլուր պանթեոն, որտեղ գտնվում են Վազգեն Սարգսյանի և շատ հայ ռազմական գործիչների շիրիմները:
Վազգեն Սարգսյանի թանգարանը բացվել է նրա հայրենի քաղաք Արարատում 2001 թվականի մարտի 5-ին՝ կառավարության որոշմամբ: Բացմանը ներկա էին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը և ուրիշներ:
Սարգսյանին հաճախ կոչում են Սպարապետ, ինչը զինվորական կոչում է, որը եղել է հին հայկական թագավորություններում: «Սպարապետ Հայոց» բառակապակցությունը գրված է Վազգեն Սարգսյանի հուշարձանի վրա Եռաբլուրում:
Հանրային պատկեր և հիշողություն
Հայաստանում, Արցախում և համեմատաբար ավելի քիչ Հայկական սփյուռքում, Վազգեն Սարգսյանը հիշվում է որպես ազգային հերոս: Գելլապ ընկերության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և Հայաստանի սոցիոլոգիական ասոցացիայի կողմից 2006-2008 թվականներին 1200 քաղաքացիների շրջանում անցկացված մի քանի հարցումների արդյունքում Հայաստանի ազգային հերոսների մեջ Վազգենը առաջինն էր, ում անունը տվել էր հարցվածների 15 – 20 %-ը: Նա առաջ էր անցել 20-րդ դարի սկզբի ռազմական գործիչներից, ի դեմս՝ Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի: Սարգսյանին լայնորեն ճանաչում են որպես խարիզմատիկ առաջնորդ:
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ` էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ:»
— Վազգեն Սարգսյան
Նրա ներդրումները հայտնի են դարձել նրա ընկերներից և կոլեգաներից: 1997 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սարգսյանը այն անձն է, ով արժանի է ազգային հերոսի կոչման: Նա ավելացրեց, որ եթե կառավարության բոլոր անդամները ունենային այնպիսի աշխատասիրություն, ինչպիսին Վազգեն Սարգսյանը, մենք կունենայինք կատարյալ պետություն: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարգսյանի հուղարկավորության ժամանակ իր ելույթում ասաց, որ Վազգեն Սարգսյանը պատմության մեջ մնաց որպես քաղաքական գործիչ, ով կանգնած էր Հայաստանի պետականության ծննդի կողքին: Նրա դերը ազգային բանակի ստեղծման գորրծում կասկածից վեր է: Իր կյանքի և պարտականությունների կատարման գործում Վազգեն Սարգսյանը մեծ ներդրում ունեցավ հզոր հայրենիքի ստեղծման գործում:
Արևմուտքում Վազգեն Սարգսյանին բնորոշում են որպես ուժեղ ազգայնական: Բրիտանացի լրագրող Ջոնատան Սթիլը Սարգսյանի մասին գրել է որպես «դաժան ազգայնական, ով նախընտրում էր ուժի կիրառումը խոսքերի և ժողովրդավարության փոխարեն»: Բրիտանիկա հանրագիտարանը Սարգսյանին բնորոշում էր որպես «Հայ ազգայնական, ով իր կյանքի մեծ մասը նվիրեց Հայաստանին, Ադրբեջանի հետ պատերազմում, Արցախի համար»: Քաղաքագետ Ռազմիկ Փանոսյանի կարծքիով՝ Սարգսյանը «վերջին նշանակալի ազգայնական քաղաքական գործիչն էր, որի ներդրումն Արցախի և Հայաստանի համար կասկած չի հարուցում»:
Սարգսյանին հաճախ քննադատում են ոչ ժողովրդական լինելու համար, հատկապես ընտրական գործընթացներում իր ազդեցությունը կիրառելու համար: