Զինադադարի հաստատում

Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց Ռուսաստանը: Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու Հարավային Կովկասում ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։

Դեռևս մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։

Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։

Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2019)։ Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2019)։

ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ։

ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։ Արցախի տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։

ԱՄԵՆԱՆՈՐԸ