1993 թվականի հայկական լայնածավալ առաջխաղացում և Արցախի ամբողջական ազատագրում
Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, ինչպես նաև Լաչինի ուղղություններում։
Հունվարյան մարտերի ընթացքում Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները, կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրել են մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը և անառիկ պահել վերահսկողության տակ առնված դիրքերը։ Այս առումով աչքի են ընկել հատկապես Ասկերանի և Մարտակերտի ՊՇ-ների մարտիկները, Լաչինի միջանցքի, Կիչանի, Փառուխի, «Ուրյանա» լեռան դիրքերի պաշտպանները։ Հակառակորդը կորցրել է հետևակի 2 գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ, 4 ռազմական ինքնաթիռ և 1 մարտական ուղղաթիռ, մարտադաշտում թողել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ նյութական պաշարներ։
1993 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի ԻՊՈւ մարտական գործողություններ են ծավալել Մարտակերտի շրջանի տարածքի ազատագրման և Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման նպատակով։ Ռազմական գործողության հաջորդ փուլը Մարտակերտի շրջանի արևմտյան մասի ազատագրումն էր։
Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի ՊՇ-ների կողմից համատեղ անցկացված կայծակնային ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումով. ազատագրվել են երկու տասնյակից ավելի գյուղեր, ռազմավար վերցվել զենք ու զինամթերք, մարտական տեխնիկա և մեքենաներ։ Օմարի լեռնանցքի վրա սահմանվել է կայուն վերահսկողություն։
ԻՊՈւ 1993 թվականի ապրիլի սկզբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։ Աղդամի կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993 թվականի հունիսի 12-ին, Մարզիլու գյուղում զոհվել է Մոնթե Մելքոնյանը: Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ-ների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի և տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում հակառակորդի ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ-Մարտակերտ մայրուղու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլու, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։
Այդ ուղղությամբ տևական ու դաժան մարտերից հետո, 1993 թվականի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները: Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։
Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ Հադրութի շրջանում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը ևն, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։