1991 թ ապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Օղակ գործողությունը մասնակցում էին նաև ռուս կամավորականներ: Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունն ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ։ Ականատեսների վկայությամբ, օպերացիայի արդեն իսկ առաջին օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն, և սկսում թալանել հայերի ունեցվածքը։
«Օղակ» ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները Շահումյանի շրջանում: ՀՀ սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական ՄՀՆՋ-ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990 թվականին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991 թվականի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։ Հետագայում՝ 1991 թվականիի մայիսի 4-ին, Երևանում ստեղծվել է ՀՀ Պաշտպանության կոմիտե, Արցախում 1992 թվականի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992 թվականի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։ 1991 թվականի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են Մանաշիդ, Բուզլուխ և Էրքեջ: Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է Վերինշենի մատույցներում։
Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։
Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14–18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։