1993թ․ հուլիսի 23-24-ին տեղի ունեցավ ԵԿՄ առաջին համագումարը
Հայաստանի նորանկախ պետականության հիմնասյուներից մեկը, որ կանգնած է քաջության, նվիրումի եւ հայրենասիրության հիմքի վրա, անվիճելիորեն Երկրապահ կամավորականների միությունն է։ Մինչ 1993 թվականի առաջին պաշտոնական համագումարը, Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ երկրապահ գաղափարն արդեն մարմնավորված էր հայրենիքի սահմանները պաշտպանող կամավորականների կերպարում։
ԵԿՄ-ը ձևավորվել է որպես ժողովրդական նախաձեռնություն՝ պատերազմի ամենաթեժ փուլերում, երբ հայրենիքի պաշտպանության գործն այլեւս միայն պետական գործ չէր՝ այն դարձել էր ամբողջ ժողովրդի առաքելությունը։
1988-90-ականների սկիզբը Հայաստանի համար ճակատագրական շրջափուլ էր։ Լեռնային Ղարաբաղի հարցն օրակարգի առաջատար թեման էր, իսկ Ադրբեջանի հետ սրված հարաբերությունները հանգեցրին ռազմական բախման։
Հայրենիքի պաշտպանության հիմքում կանգնած զինվորականներն ու կամավորականները ամեն օր ապացուցում էին, որ հայրենիքը սիրելու լավագույն դրսեւորումը դրա համար պայքարելն է։
Դրանք տարիներ էին, երբ հազարավոր երիտասարդներ կամավորական հիմունքներով, մեկնեցին մարտադաշտ՝ պաշտպանելու հայրենիքը, հողը, Արցախ աշխարհը։ Այդ կամավորական խմբերը՝ կազմված տարբեր շրջանների տղաներից, կամաց-կամաց սկսեցին համակարգվել, ձեւավորելով մարտական ջոկատներ։ Այդ ջոկատները հիմքն էին հետագայում ստեղծվելիք «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության։
1993 թվականի հուլիսի 23-24-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության առաջին համագումարը։ Այդ օրից ԵԿՄ-ը ստացավ իրավական հիմք, կազմակերպչական կառուցվածք եւ ղեկավար մարմին։ Միության հիմնադիր նախագահը ընտրվեց Վազգեն Սարգսյանը, մարդ, ով մեր պետականության ամուր սյուներից մեկն էր, ով իր մեջ մարմնավորում է եւ՛ ռազմիկի քաջությունը, եւ՛ պետական գործչի հեռատեսությունն ու վճռականությունը։ Նա ոչ միայն կռվեց, այլ նաեւ կերտեց՝ կառուցեց կառույցներ, հիմնադրեց եւ ամրացրեց բանակը, սերմանեց հավատք ու արժանապատվություն։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի տեսլականում ԵԿՄ-ը հայոց բանակի եւ պետության հիմնասյուներից մեկն էր՝ ազգային արժեհամակարգի կրողը, հայրենասիրական դաստիարակության դպրոց։ Եվ մինչ այսօր ԵԿՄ-ն հավատարիմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարների միշտ բանակի կողքին է, մեր պետության սահմաններում։
Փա՛ռք Քեզ Սպարապետ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում,
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք Երկրապահին, ազատամարտիկներին,
Փա՛ռք հայոց մայրերին,
Փա՛ռք մեր հայրենիքին։
ԵԿՄ-ի գործունեությունն ընդգրկեց ոչ միայն մարտական անցյալ ունեցողների համախմբումը, այլեւ սոցիալական աջակցություն, երիտասարդության հայրենասիրական դաստիարակություն, կրթական ծրագրերի իրականացում եւ, իհարկե, շարունակական անձնվեր պատրաստվածություն՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի։
Վազգեն Սարգսյանի գործն անմահ է, թողած ժառանգությունը՝ մեր հզոր բանակը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի անժամանակ եւ դաժան սպանությունից հետո հերթական համագումարում վերջինս դարձավ ՀՀ ԵԿՄ հավերժ նախագահ:
Վազգեն Սարգսյանը միշտ կրկնում էր. «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է»: Նա նաեւ հաճախ կրկնում էր, որ ինքը երջանիկ մարդ է, որովհետեւ փորձում է իրականացնել այն, ինչի մասին երազել է: Նրա կիսատ թողած գործն ու երազանքները իրականություն են դառնում մարտական ընկերների, գաղափարկիցների, հարազատների շնորհիվ: Սպարապետը միշտ ցանկացել է, որ տարիների ընթացքում երիտասարդանա կառույցը, որ այն գոյատեւի հավերժ: Եվ այդ ցանկությունն իրականացնելու միտումով Վազգեն Սարգսյանը 1997թ. հիմք դրեց պատանի երկրապապահ կառույցի ստեղծմանը: Ու արդեն 28 տարի «Պատանի երկրապահ» կառույցի միջոցով իրականացվում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը: «Պատանի երկրապահ» ակումբի ռազմաուսումնամարզական ամառային ճամբարում յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ եւ աղջիկներ՝ ինչպես պատանի երկրապահ ակումբի սաները, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ, մանկատների սաներ, ԵԿՄ-ի հետ համագործակցող կառույցների ընտանիքների երեխաներ: «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը ի սկզբանե մի նպատակ ուներ, անմնացորդ ծառայել հայրենիքին, լինել իրենից ծնունդ առած բանակի կողքին: ԵԿՄ վարչությունում ձեւավորվել են գումարտակներ, որոնք մշտական մարտական հերթապահություն են իրականացնում մեր պետական սահմաններում։
Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ երկրապահ կամավորականների միությունը պատվով է տանում իր առաքելությունը:
Այս տարիների ընթացքում ՀՀ ԵԿՄ-ն անցկացրել է 13 համագումար: 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահ միաձայն ընտրվեց ԵԿՄ հիմնադիրներից, 1993թ. ՀՀ ԵԿՄ վարչության անդամ ընտրված Սասուն Միքայելյանը: Ինչպես ինքը՝ Սասուն Միքայելյանն է միշտ նշում, երկրապահը վերադարձել է իր արմատներին եւ շարունակում է առաջ գնալ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գաղափարներին հավատարիմ։
ԵԿՄ-ը միայն կազմակերպություն չէ, այն գաղափար է՝ հայրենասիրության, կամավորության, նվիրումի, ընկերության գաղափար։ Այն ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի ու ապագայի կառույց է, որը ամենօրյա աշխատանք է իրականացնում ի պաշտպանություն մեր պետության սահմանների։
Երկրապահի անունը կրող յուրաքանչյուր ոք մի բան գիտի՝ հայրենիքը միշտ յուրաքանչյուրի կարիքն ունի։ Ու երկրապահը միշտ պատրաստ է։
Խոնարհում եւ փառք Վազգենյան ճանապարհով անցած կամավորականներին, ազատամարտիկներին, զինվորականներին, մեր զինվորներին։
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին:
ՀՀ ԵԿՄ