Հարգելի´ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ,
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, պատանի երկրապահներ,
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Այս օրը նշանավոր է ոչ միայն որպես դպրոցների, բուհերի, ուսումնական հաստատությունների դռների բացման սկիզբ, այլ նաեւ՝ որպես նվիրումի, լուսավորության ու ազգի ապագան կերտելու խորհրդանիշ։
Սիրելի´ առաջին դասարանցիներ
Դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, որտեղ ձեզ սպասվում է գիտելիքների մեծ շտեմարան․ դուք պետք է վերցնեք ամենն ու կիրառեք ապագայում:
Սիրելի´ ուսանողներ
Ձեր կյանքի կարեւորագույն փուլերից մեկն եք մուտք գործում։ Սովորեք՝ հանուն Ձեր լավ ապագայի, հանուն Հայրենիքի, Հայոց բանակի եւ ձեր քայլերով ապացուցեք, որ գիտելիքը ձեր զենքն է, իսկ հայրենասիրությունը՝ պետության ամրապնդումը։
Հարգելի´ ուսուցիչներ, մանկավարժներ, դասախոսներ
Մեր խոնարհումն ու շնորհակալությունը Ձեզ։
Շնորհակալություն ձեր անխոնջ աշխատանքի, սեր ու հավատ ներշնչելու ձեր առաքելության համար։ Դուք եք այն լուսավոր ճամփորդները, ովքեր սերունդներ են կրթում հայրենիքի հանդեպ սրտացավությամբ, գիտելիքով եւ մարդասիրությամբ։ Անգնահատելի է Ձեր աշխատանքը, քանզի ձեզանից է կախված, թե ինչպիսի հայրենասեր եւ ազգանվեր քաղաքացիներ կդառնան մեր երեխաներն ապագայում:
Երկրապահ կամավորականների միությունը եւս աշխատում է պատանիների հետ: Մենք շնորհավորում ենք նաեւ պատանի երկրապահներին, ովքեր հստակ գիտակցելով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդգրկվում են մեր շարքերն ու ստանում բազմակողմանի գիտելիքներ: «Պատանի երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարում մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մեր ապագա սերունդը հզոր է, պայքարող, վճռական: Սիրելի ծնողներ, շնորհակալ ենք Ձեր վստահության համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում՝ հաջողություններ ուսուցման եւ ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում:
Թող այս ուսումնական տարին լեցուն լինի նպատակի հստակությամբ ու հաղթական կամքով։
Գիտելիքն ուժ է, որը ստանալով մենք պատասխանատվություն ենք կրում հայրենիքի ու ապագա սերունդների առջեւ։ Այն մեզ դարձնում է ավելի խիզախ, ամուր ու պատասխանատու։ Ուժեղ է նա, ով գիտելիքը վերածում է գործի ու նվիրումով ծառայում իր հայրենիքի զարգացման, հաջողությունների համար։
Փա՛ռք մեր հայրենիքին, եւ հանուն հայրենիքի նահատակված մեր քաջորդիներին։
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան