Սիրելի՛ հայրենակիցներ

   Անցնող տարին մեծ ցավ ու կորուստներ պատճառեց հայ ժողովրդին, Հայոց հաղթանակած բանակին: Սկզբում պանդեմիա, ապա պարտադրված պատերազմ: Մեր երիտասարդ սերունդը, մեր արժանավոր հետնորդներն ապացուցեցին, որ նույնիսկ անհնարին թվացող իրավիճակները կարելի է փառքով պսակել:

   Այո՛ աշխարհը մեզ մենակ թողեց, բայց մենք աշխարհին ապացուցեցինք, որ հանուն հայրենիքի կյանքը չենք խնայի, որ հայրենիքն ամենաարժեքավորն է: Ինչ տեսակի արգելված զենք, ինչ ուժեր էլ կիրառվեն մեկ է հայն աշխարհում ապրելու եւ զարգանալու է:

   Դժվար է այսօր որեւէ բան ասել, որեւէ շնորհավորանքի խոսք արտահայտել:

   Մենք երկրապահներս բազմից անգամ ապացուցել ենք՝ մենք միշտ մեր պետության, մեր պետականության, մեր բանակի կողքին ենք, մեր Զինված ուժերի թիկունքին կանգնած: Սա դեռ վերջը չէր: Մենք հաղթանակներ կերտող ազգ ենք, մենք երբեք պարտվողի կարգավիճակում չենք լինի:

   Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը «ծով համբերություն ունի մեր ժողովուրդը, ապրող ու ապրեցնող ժողովուրդ է, արժանի լինենք իրեն»:

   Ես խոնարհվում եմ ժողովրդի առջեւ, որդեկորույս մայրերի առջեւ:

   Ես հպարտանում եմ մեր ժողովրդով, մեր բանակով, հայ զինվորով, կամավորներով, երկրապահ կամավորական մարտական ընկերներով:

   Փա՛ռք ու պատիվ նահատակված քաջերին:

   Շուտափույթ ապաքինում վիրավորներին:

   Փա՛ռք հայոց աշխարհին:

   Վստահ եմ, որ Հայաստանը, Արցախը, աշխարհասփյուռ հայությունը նորից համախմբված, միասնական ոտքի կկանգնի ու քաջերի արյան գնով պահած, նրանց արյամբ սրբացած մեր սուրբ հայրենիքը նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով հայ ազգի նոր պատմութուն կկերտի:

   Թող Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները բոլորիս հավատ, ուժ, միասնություն բերեն:

   Թող 2021թ.խաղաղության, հաջողությունների, նորանոր հաղթանակների տարի լինի: Մաղթում եմ խաղաղություն բոլորիս ընտանիքներին:

   Աստված բոլորիս պահապան:

   ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ