Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյան

Հերոսական կենսագրություն

Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ Լեռնային փրկարար, հանքափոր հայրն այդ ժամանակ աշխատանքի բերումով ընտանիքով Շամլուղում էր։ Նրանք պատմական Մեծ Հայքի 12-րդ նահանգ Ուտիքի Գարդման գավառից են՝ Շամխորի շրջանի Բաբսում հայաբնակ գյուղից։

Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։

1988թ. զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի երկրապահների շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։

1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն ունեցավ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվեց Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվեց ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։

1992թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարևելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։

1995-ին Ռ. (Ֆ.) Գզողյանը նշանակվել է Տավուշում տեղակայված զորամասի հրամանատար, 1997-ին՝ մեկ այլ զորամասի հրամանատար, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ, որպես հատուկ գործերով շտաբի պետի տեղակալ։ 1998թ. նշանակվել է նորաստեղծ 5-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, 2000-2006 թթ.՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր։ 2002թ. ստացել է գեներալ-մայորի կոչում։ Այժմ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովում։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով ու «Շուշիի ազատագրման համար» մեդալով, ինչպես նաև խորհրդային ու հայկական բանակի բազմաթիվ պետական պարգևներով։

ՊԱՏՄՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ (ԿՈՄԱՆԴՈՍ)

«1991թ. ամենածանր ժամանակ Ֆելիքս Գզողյանը գնաց Շահումյան, իսկ ես՝ Ղարաբաղ։ Շահումյանում նա ջոկատների հետ շատ մեծ աշխատանք կատարեց։ Գզողյանն անհրաժեշտ էր Ղարաբաղում և եկավ Ղարաբաղ։ Նրան նշանակեցին ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, իսկ շտաբի պետը Ֆելիքս Գզողյանն էր։ Այնտեղ էին որոշվում Ղարաբաղում ընթացող բոլոր մարտական գործողություններին վերաբերող հարցերը։

Ֆելիքս Գզողյանի հետ մեր աշխատանքի կարգն այսպիսին էր՝ շտաբում ցերեկը ես էի աշխատում, գիշերը՝ նա։ Գիշեր-ցերեկ աշխատում էինք, ընդմիջումներ չունեինք։ Ամենածանրը Մարաղան էր. երբ տեղի ունեցավ ողբերգությունը, նա գնաց Մարաղա։ Վերադարձավ այնաստիճան ցնցված ու ազդված, որ նրան շտապ 2 օրով առանձնացրինք, որ ուշքի գա։

Որտեղ վտանգավոր ու բարդ իրավիճակ էր ստեղծվում, մենք այնտեղ միշտ ուղարկում էինք Ֆելիքս Գզողյանին։ Նույնպես և Շուշիի գործողության ժամանակ. երբ մեր տանկը խփեցին, և մեր հարձակումը մի կարճ ժամանակով դադարեցրինք, Գզողյանին ուղարկեցինք, և նա բոլոր հարցերը կարգավորեց, և դեպի Շուշի հետագա հարձակումը շարունակվեց։

Ես Գզողյանին անվանում էի հատուկ տեղերի՝ վառվող կետերի դեսպան։ Որովհետև այն ժամանակ բոլոր հարցերը, որոնք պիտի լուծվեին, լուծվում էին Ֆելիքս Գզողյանի ղեկավարած շտաբում։ Շտաբի բոլոր ծառայությունները՝ հետախուզությունը, օպերատիվ կապը, բոլոր ծառայությունները, նաև ինժեներական զորքերը, սակրավորները, կապավորները (Արթուր Փափազյանի գլխավորությամբ) հրաշալի էին աշխատում, ինչը Ֆելիքս Գզողյանի արժանիքն է։ Նա ստեղծել էր կառավարման մի այնպիսի կուռ համակարգ, որի շնորհիվ զինվորական բոլոր օրենքները, հրամանները ժամացույցի պես գործում էին անխափան։ Եվ մինչև որևէ ռազմագործողություն իրականացնելը, մարտական ապահովման բոլոր աշխատանքները սկսելը, մենք կատարում էինք ժամանակի հաշվարկ։ Նա խստորեն հետևում էր, որ բոլոր առաջադրված խնդիրները կատարվեին։ Եվ միայն այն բանից հետո, երբ դրանք անխտիր կատարվում էին, նա զեկուցում էր ինձ, իսկ ես զեկուցում էի Սերժ Սարգսյանին։ Ուզում եմ կրկնել. աշխատանքների ամբողջ ծանրությունն ընկած էր Գզողյանի ուսերին։

Աստված առողջություն պարգևի Ֆելիքս Գզողյանին։ Նա շատ պետք է մեր ժողովրդին, առաջին հերթին սպաներին, զինվորներին ու գեներալներին»։

ՊԱՏՄՈՒՄ Է ՀՀ ԱՌԱՆՁԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ

«Ֆելիքս Հովհաննեսովիչին առաջին անգամ հանդիպել եմ Մարտակերտում։ Ծանր, օրհասական պահ էր։ Մարտակերտը հանձնել, նահանջում էինք, հասել էինք Չլդրան գյուղի մոտ։ Նա օգնության հասավ զորքով։ Արդեն այդ ժամանակ նկատեցի նրա կազմակերպչական ընդունակությունները, որոնց շնորհիվ շատ կարճ ժամանակում նահանջող զորքը հաջող դիրքավորեց, և նահանջը կանգնեցվեց։ Հիշում եմ՝ այդ ժամանակ թշնամու տանկից կրակեցին, ու նա հրաշքով ողջ մնաց։

Ֆելիքս Գզողյանի պաշտոնն ունեցող մարդը կարող էր շտաբից ղեկավարել, բայց նա գրեթե միշտ առաջին գծում էր:

Ֆելիքս Գզողյանին ավելի լավ ճանաչել եմ Քելբաջարի գործողության ժամանակ, երբ նա նշանակվեց ձախակողմյան թևի խմբավորման հրամանատար։ Շատ կարճ ժամանակում կորցրած դիրքերը հետ գրավեցինք. Ֆելիքս Հովհաննեսովիչի շատ մեծ արժանիքն է, որ նահանջը կանգնեցրեց ու սկսեց կորցրած դիրքերը վերադարձնել։

Մի ամբողջ ռազմաճակատի համար պատասխանատու մարդը եթե խիստ չեղավ, առաջադրանքը չի կարողանա կատարել։ Նա փափուկ մարդ չի եղել։ Պատահել է՝ հայհոյել է, բայց «սալդաֆոն» չի եղել, մարդկանց կորուստի հաշվին կարիերա չի արել, առաջադրանքը կատարելիս չի անտեսել մարդկանց կյանքը խնայելու անհրաժեշտությունը։ Նրա հրամանատարության ներքո իրականացված ռազմագործողություններում քիչ զոհեր ենք ունեցել կամ չենք ունեցել, որովհետև ցանկացած քայլ, ցանկացած մանրուք, առաջադրանքի բնույթն ու կատարման ձևերը մշակվել և ամեն մեկին կոնկրետ բացատրվել է և՛ տեղերում, և՛ քարտեզի վրա։

Թեև մինչև Ղարաբաղյան պատերազմը, ես Աֆղանստանում երկու տարվա պատերազմական փորձ ունեի, բայց այսօր էլ Ֆելիքս Գզողյանին համարում եմ իմ ուսուցիչը։ Ես հպարտ եմ, որ նրա նման տաղանդավոր հրամանատարի ենթակայության տակ եմ ծառայել։

ՊԱՏՄՈՒՄ Է ԳՆԴԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳԱՐՈՒՇԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՀՀ ԶՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ՍևԱՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

«Պատերազմից գաղափար ունեցող մարդը միայն կհասկանա` ով է նա։

1991թ. ադրբեջանական օմօնի ու խորհրդային բանակի դեմ պարտիզանական կռիվներ էինք մղում, ուրիշ եղանակ չկար։ Այդ ժամանակ ես Ֆելոյին դեռ չէի ճանաչում։ Բայց անընդհատ լսում էինք, իմանում, որ Շահումյանում է, փոխգնդապետ է, գոռում է, հայհոյում, և որ բոլորը լսում, ենթարկվում են նրան։ Գիտեինք, որ Շահումյանի ճակատի ամբողջ հրամանատարությունը Ֆելոն է` Շահեն Մեղրյանի հետ։

Նրա մասին արդեն հերոսապատումներ էին շրջում։ Հետո, երբ կամաց-կամաց Ղարաբաղի ամբողջ տարածքի հենակետեր էինք հասնում, լսում էինք` Ֆելոն և՛ այստեղ է, և՛ այնտեղ, նա ամենուր է… Ամեն անգամ ասում էինք. «Հենց հասնենք Գյուլիստան, պետք է գնանք Ֆելոյին տեսնենք»։ Ու չէր ստացվում։

Սրխավենդ-Կիչանի ահավոր օրերն էին։ Ինչքան հաշմանդամ, ծերեր կային, զենք էին վերցրել, նույնիսկ պառավները քարեր էին վերցրել։ Ժողովուրդը խառնված էր։ Սասունի ջոկատից՝ 5-6 հոգի, իմ ջոկատից՝ 7 հոգի գնացինք ժողովրդին պաշտպանելու։ Հարցնում եմ. «Ո՞վ է հրամանատարը»։ Ոչ ոք չի ասում։ Ավտոմեքենայից իջանք, արդեն դիրքավորվում ենք, նկատեցի՝ մի մարդ է գալիս՝ ռուսի նման։ Գոռում է. «Այս կողմը պահեք, այն կողմը պահեք»։ Մեկ-մեկ էլ հայհոյում է։ Ասացի. «Էդ ո՞վ է, էդպես գոռգոռում է»։ Կողքիս թևը կտրած մի մարդ կար։ Շշուկով ինձ ասաց. «Ֆելոն է, կամաց, Ֆելոն է»։ Վա՜յ, որ չասաց Ֆելոն է, մի ուրի՜շ զգացողություն տիրեց ինձ։ Ես էլ սկսեցի գոռգոռալ. «Ուրեմն, Ֆելոն այստեղ է, և դուք վախենո՞ւմ եք»։ Գնացի փաթաթվեցի. «Ֆելո ջան, հրամանատար ջան»։ Այդպես ծանոթացանք։ Եթե Ֆելոյի նման տղերքը չգային, չկազմակերպեին մեզ, չէինք իմանա, թե ինչ ասել է իսկական սպա։

Առաջին ամենակազմակերպված գործողությունը Խոջալուի գործողությունն էր, որից սկսվեցին մնացած բոլոր ազատագրական մարտերը։ Բարձրաստիճան անձինք կային, ընդդիմանում էին։ Ապրի՛ Ֆելոն, որ ասաց. «Ո՛չ, պետք է Խոջալուի գործողությունն իրականացնենք»։ Ֆելոյի համաձայնությամբ էր, որ արագ սկսեցինք Խոջալուի գործողությունը։

Եզակի հրամանատարներից է, որ անընդհատ առաջնային գծում է եղել։ Անընդհատ եկել է, մարտը ղեկավարել։ Եվ շտաբում է գծել, պլաններ մշակել, բայց նաև անմիջականորեն խրամատում զինվորի հետ կռվել է թշնամու դեմ։ Շատ քչերին ենք ճակատում տեսել։ Այդ պատճառով ինձ համար Ֆելոն ուրիշ մարդ է։ Նա զինվորի նման է եղել։ Նեղ վիճակ է, գալիս կանգնում է կողքդ։ Շատ քչերն են այդպիսին եղել։ Ճանաչեք նրան։

…Շուշիի օպերացիայի նախապատրաստական փուլում գերագույն ներդրումը Ֆելոյինն է։

Ոմանք ասում էին. «Լա՜վ, լա՜վ, էլ մի՛ սկսեք, հիմա կուղարկենք Ֆելոյին, մի բան կանեք»։

Ֆելոն ամեն ինչի տիրապետում էր։ Մինչև չճշտեր, մարդ չէր ուղարկի մարտի դաշտ, որ չզոհվեն։ Իր կյանքի գնով անգամ խնայում էր մարդկանց։

Ֆելոն երբեք չծերացավ մեր աչքին։ Նա մեր Ֆելոն է, մեր ֆիդայի ընկերը…

Իզուր չէ, որ նրան սիրով անվանում են ժողովրդական գեներալ»։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Մահացել է 2019 թվականի հուլիսի 10-ին Երևանում։

ԱՄԵՆԱՆՈՐԸ