Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը)։
Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։
Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները Արցախի Հանրապետության ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։ Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել Աղդամ – Ասկերան – Ստեփանակերտ ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան-Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։ Պահակակետերում գտնվող Նորագյուղի վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել Արցախի սահմանները։
Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։ Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս մղել Արցախի տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։ Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել Մարաղան, 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ Չայլուն: Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։ Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և Արցախի սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը: Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ Լիսագոր – Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։ Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան- Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։ Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել Լիսագորից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր – Մեծշեն – Հինշեն գծով հարձակումը շարունակել են Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Շոշի, Սղնախի, ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈւ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։
Լաչինից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել Քելբաջարի ու Կուբաթլուի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992 թվականի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 տանկ, 120 ՀՄՄ, 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՍՈւ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ)։ Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը արցախյան ռազմաճակատում։
1992 թվականի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել արցախա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։ 1992-ի հունիսի 2-ին ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։
Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին Արցախի սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի Ասկերանի, Մարտակերտի, ապա և Շահումյանի շրջանների ուղղություններ։ Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր)։ Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։ Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։ Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան-Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։
Արցախի Հանրապետության ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝ 1992 թվականի հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք: Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։ Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է Մարտակերտ քաղաքը՝ Մադաղիսի, Կարմիրավանի և Ներքին Հոռաթաղի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, ԻՊՈւ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով նրան, դուրս են մղել Մադաղիսից։
Մարտակերտի ճակատում ձեռնարկված այդ հակահարձակումների շնորհիվ նկատվել են դրությունը կայունացնող միտումներ։ Սակայն ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի ճակատից շեղելու և այնտեղ վճռական հաջողության հասնելու նպատակով ադրբեջանցիները հարձակողական գործողություններ են ծավալել Ասկերանի շրջանում և կարողացել են զավթել մի քանի պահակակետեր։
Մարտունիի շրջանում հակառակորդը ընդհուպ մոտեցել է Ճարտար և Մաճկալաշեն գյուղերին, ներխուժել Կարմիր Շուկա: Հայ մարտիկները հունիսի 28-ին, Մ. Մելքոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, հետ են մղել հակառակորդին, ինչը վերջ է դրել պաշտպանական գիծը գոնե մեկ ուղղությամբ ճեղքելու հակառակորդի ցանկությանը։ Այդ հաղթանակը ինքնավստահության նոր լիցք է հաղորդել ազատամարտիկներին, հակառակորդին խոցելու հնարավորությունը վերստին դարձել է առարկայական։
Հունիսի 28-ին հակառակորդը, Հադրութի շրջանում գրավելով Հողեր և Տող գյուղերի պահակակետերը, ներխուժել է Տողի գինեգործարան և 4 կմ խորացել գյուղի տարածքում։ Հայ մարտիկներին հաջողվել է հակառակորդին հետ մղել և երեկոյան ազատագրել բոլոր պահակակետերը՝ բացի Ցորից։ Այս ճակատներում ԻՊՈւ մարտիկների հաջող դիմադրությունը, խափանելով ադրբեջանական հրամանատարության ծրագրերի իրագործումը, նպաստավոր պայմաններ է ստեղծել Մարտակերտի շրջանում լայնածավալ հակահարձակման համար։ Սակայն հունիսի 29-ին Լենինավանի, Չայլուի, Ջրաբերդի բարձունքների ուղղությամբ ձեռնարկված հակահարձակումը ձախողվել է։ Նույնը կատարվել է նաև հակահարձակման գլխավոր՝ Մարտակերտի ուղղությունում։
Հարվածի գլխավոր ուղղություններում ուժերը վերախմբավորելով և միջոցների գերակշռություն ստեղծելով՝ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում անցել են հակահարձակման։ Հուլիսի 11-ին, կեսօրից հետո, նրանք շարժվել են Ջանյաթաղ, Գյուլաթաղ և Մանիքլու գյուղերի ուղղությամբ։ Հուլիսի 12-ին արդեն Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերն անցել են հայ ազատամարտիկների վերահսկողության տակ։ Դրանից հետո նրանք դիրքեր են գրավել Կուսապատ-Դրմբոն գոտում, որի ազատագրման ժամանակ տիրել են հակառակորդի 6 միավոր զրահատեխնիկայի և 1 «Գրադ» կայանքի, սպանվել են ադրբեջանական մի քանի տասնյակ զինվորներ։
ԻՊՈւ ստորաբաժանումները հուլիսի 14-ի երեկոյան անցել են Թարթառի ձախափնյակը, դժվարին մարտերով ազատագրել Չափար գյուղն ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը, միաժամանակ հաջողվել է մոտենալ Սարսանգի ջրամբարին: Հուլիսի 14-ին հակառակորդը հարձակվել է Կուսապատի բարձունքում տեղաբաշխված ԻՊՈւ պահակակետի վրա։ Հայկական ջոկատը արժանի հակահարվածով հետ է մղել հակառակորդի գրոհը և հուլիսի 15-ի գիշերը վերագրավել է Սարսանգի հիդրոհանգույցի ամբարտակը։ Նույն օրն ադրբեջանցիները հարկադրված թողել են նաև Գետավան գյուղը՝ կրելով կենդանի ուժի և տեխնիկայի նոր կորուստներ։ Հուլիսի 16-ի առավոտյան Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հայ մարտիկներն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության մի քանի բարձունքներ։ Հուլիսի 20-ի երեկոյան հայ մարտիկներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզ և Զագլիկ գյուղերը՝ վերահսկողության տակ պահելով Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը։
Այսպիսով, Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում Մարտակերտի շրջանի մեծ մասն ազատագրվել է։ Օգոստոսի 12-ին հակառակորդի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արցախի ԻՊՈւ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։ Արդեն զգալի էր նաև թիկունքի աջակցությունը։ 1992-ի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը նորոգման վերականգնողական հենակետի անձնակազմը նորոգել է մեծ թվով S–72 տանկեր, ՀՄՄ-ներ, հակաօդային պաշտպանության զինտեխնիկա, քարշիչներ և այլ միջոցներ։
1992 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին ԻՊՈւ մարտիկները ոչնչացրել են 1 ՍՈւ–24, 2 ՍՈւ–24 Ռ, 1 ՍՈւ–25, 2 ՄԻԳ–25 ինքնաթիռներ, 5 ՄԻ–24 և 3 ՄԻ–8 ուղղաթիռներ։ Հակաօդային պաշտպանության անձնակազմի այդ գործողությունների շնորհիվ կասեցվել են հակառակորդի նշանառու հարվածները ԻՊՈւ-ի դիրքերին և խաղաղ բնակավայրերին։
Նոյեմբեր ամսվա մարտերում սպառելով առաջխաղացման հնարավորությունները Մարտակերտի շրջանում՝ դեկտեմբերին հակառակորդը փոխել է հարվածի ուղղությունները՝ նպատակ ունենալով հաջողության հասնել Մարտունիի, Լաչինի, Հադրութի և նույնիսկ ՀՀ Զանգեզուրի շրջաններում։ Ստեղծված իրավիճակում Արցախի ԻՊՈւ հրամանատարությունը Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների ակտիվ զորաշարժերով ստիպել է հակառակորդին մեծ ուժեր կենտրոնացնել Ժդանովի, Ֆիզուլիի շրջաններում՝ դրանով շեղելով նրա ուշադրությունը գլխավոր հարվածի՝ Մարտակերտի ուղղությունից։
Այսպիսով, 1992 թվականի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էր ուժերի հավասարակշռություն։