Ծաղիկներ դնելուց եւ մեկ րոպե լռությամբ մարտական ընկերների հիշատակը հարգելուց հետո՝ երկրապահները եղան նաև մեծ սպարապետի անունը կրող դպրոցում, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, հարգեցին մեծ հայրենասերի, զորավարի ու քաղաքական գործչի հիշատակը, այնուհետև, ինչպես Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում, այնպես էլ Շիրակի թեմում կատարվեց պատանի երկրապահների օրհնության կարգ:
«Սա սպասված օր է բոլորիս համար: Պատմությունից մենք գիտենք, որ մեր ամեն մի թիզ հողը ոռոգվել է առավելաբար մեր նախնիների արյամբ, քան քրտինքով և այսօր երկրապահի կարգավիճակում բոլորս ենք՝ ամեն մեկս մեր դիրքում, մեր ծառայության վայրում այս երկիրը պահելու առաքելությունն ունենք, առավել ևս դուք՝ պատանի երկրապահներդ, որ գալիս եք համալրելու ձեր ծնողների, ձեր ավագ ընկերների շարքերը՝ ձեր վրա վերցնելով երկրապահի պատվավոր կոչումն ու առաքելությունը: Մաղթանքս է, որ Աստված իր առատ օրհնությունների մեջ պահի յուրաքանչյուրիդ, կարողանաք հավատարիմ մնալ այսօր ձեր տված երդմանը»,-շնորհավորելով նորընծա պատանի երկրապահներին` նշեց Շիրակի կայազորի հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Գրիգորյանը: