Սիրելի՛ հայրենակիցներ
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:
Շնորհավոր տո՛նդ, երկրապահ:
Շնորհավոր տո՛նդ, Սպարապետ:
Նախորդ դարավերջին չունենալով բանակ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության արդյունքում դեռ կունենանք նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:
Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:
Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ.
Սպարապե՛տ, մենք հավատարիմ ենք երկրապահի առաքելությանն ու Քո պատգամին:
Այս օրը մենք խոնարհվում ենք հանուն հայրենիքի անմահացած մեր մարտական ընկերների, մեզ հետ մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր քույրերի առաջ, ովքեր սրտի կանչով ելան պայքարի՝ դառնալով հողի ու ազգի կենդանի վահան։
Երկրապահը մեր պետության այն հավերժական զարկերակն է, որից սերվեց եւ առ այսօր սնուցվում է մեր ազատ ու անկախ պետությունն ու պետականությունը։
Մենք պետք է արժանապատվորեն կրենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Երկրապահի անունը, փառքն ու երդումը։
Մայիսի 8-ը, մայիսյան այս քառատոնը մեզ հիշեցնում է, որ հայրենիքի համար մարտնչելը միայն ռազմի դաշտում չէ․ շարունակվում է յուրաքանչյուր օր՝ աշխատանքով, հայրենիքի հանդեպ նվիրումով։
Մենք կռվել ենք հանուն մեր հայրենիքի, պետականության, հանուն մեր երեխաների ավելի լավ ապագայի։ Պետք է այս գիտակցումով շարունակենք ապրել ու արարել մեր սուրբ հայրենիքում՝ ամեն օր ինքներս զարգանալով եւ զարգացնելով մեր պետությունը։
Այս օրը ոչ միայն պետք է հիշենք մեր հաղթանակները, այլեւ մեկ բռունցք դարձած պետք է պաշտպանենք մեր սուրբ հողը, մեր անկախությունը։
Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, եւ մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության արդյունքում վաղը հաջողություններ ենք ունենալու։ Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը․ «Փառք Աստծո մենք շատ ամուր, շատ հզոր ազգ ենք։ Լիներ ցանկացած ուրիշ ազգ երկու երեք տարի մեր վիճակի մեջ, չէր դիմանա։ Մենք իսկապես հարգանքի արժանի, առաջին հերթին ինքներս մեր հարգանքին արժանի ազգ ենք․․․»։
Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին,
Համախմբում մեր ժողովրդին,
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին:
ԵԿՄ վարչության նախագահ՝
Սասուն Միքայելյան