ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հրավիրվել էր Երեւան քաղաքի խորհրդի արտահերթ նիստ, քաղաքային խորհրդի եւ բաժանմունքների նախագահների մասնակցությամբ:
ԵԿՄ շարքերը համալրվում են: Բազմաթիվ կամավորներ կամավորագրվելով շարունակում են համալրել երկրապահ կամավորականների միության շարքերը՝ իրականացնելու համար հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը: Կարեւորելով կառույցի երիտասարդացումը, վարչության նախագահն առաջնային է համարում ԵԿՄ անդամների համալրումը երիտասարդներով, ուստի մեծ ուշադրություն է դարձվում այս գործընթացին: «Երկրապահ կամավորականների միություն, արդեն իսկ հասկանալի է, որ մենք պետք է մեր շարքերը համալրենք կամավոր եւ նվիրյալ երիտասարդներով», ասաց Սասուն Միքայելյանը հավելելով, որ մենք այսօր պետք է լինենք բանակի կողքին, զինվորի հետ, զինվորի կողքին պարտավոր ենք հսկել ու ամուր պահել մեր հայրենիքի սահմանները:
ԵԿՄ-ում շարունակվում են վաշտերի, գումարտակների ձեւավորման գործընթացները: Երեւան քաղաքում եւս ձեւավորվում են վաշտեր, գումարտակներ: ՀՀ բոլոր մարզերում ընթանում է համալրման եւ ԵԿՄ գումարտակների ձեւավորման գործընթացը: ԵԿՄ-ն այսօր բոլոր մարզերում ունի կազմավորված գումարտակներ, որոնք շարունակվում են համալրվել:
Շարունակվում են նաեւ մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահների կատարած աշխատանքների գնահատման գործընթացը: Այն բաժանմունքներում, որոնց նախագահները չեն արդարացրնում հանձնարարված աշխատանքների կատարումը փոխվում են բաժանմունքի նախագահները: Հարկ է նշել, որ այս ընթացքում վերանայվել եւ փոխվել են մի քանի բաժանմունքների եւ մարզային խորհրդի նախագահներ: Վարչությունում կատարվում են ամենօրյա աշխատանքներ թերացումներից զերծ մնալու եւ արդյունավետ աշխատանք կատարելու համար: Հանդիպման ընթացքում վարչության նախագահը տեղեկացրեց ներկաներին, որ այս պահին առողջական խնդրի պատճառով փոխվելու է ԵԿՄ Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժանմունքի նախագահը: Խորհրդակցության ավարտին եղավ նաեւ հարց ու պատասխան, ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին, որոնց հանգամանալից պատասխաններ տվեց վարչության նախագահը:
Հաջորդ խորհրդակցությունը Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքում էր: ԵԿՄ Երեւան քաղաքի խորհրդի նախագահը բաժանմունքի անդամներին ներկայացրեց այցի նպատակը, ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավարը ընթերցեց Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի 14.11.2022թ. հրամանները:
ԵԿՄ վարչության նախագահի եւս մեկ հրամանով ԵԿՄ պատվոգրով պարգեւատրվեց Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի նախկին նախագահ Երջանիկ Հովակիմյանը՝ երկարամյա երկրապահական գործունեության համար, եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական վարչական շրջանի նախկին ղեկավար Կարեն Հակոբյանը՝ ԵԿՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար:
Ներկաները շնորհավորեցին նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին, վստահեցնելով, որ բաժանմունքը ամենայն պատասխանատվությամբ կիրականացնի իր առջեւ դրված առաջադրանքները: Երկրապահ կամավորական Կարեն Սեդրակյանը հերոսածին հայր է, նրա որդին անմահացավ 44-օրյա պատերազմի օրեին՝ հայրենիքի պաշտպանության համար ընթացող մարտերի ժամանակ:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ով ողջունելով ներկաներին վստահեցրեց, որ պատրաստ է մշտապես աջակցելու երկրապահ կամավորականներին:
ԵԿՄ վարչության նախագահը կարեւորելով ԵԿՄ անդամների հետ հանդիպումներն ու անմիջական զրույցները հաճախ է նախաձեռնում հանդիպումներ ԵԿՄ բոլոր բաժանմունքներում: Հանդիպում-խորհրդակցությունները շարունակական են լինելու: