Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի´ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ,
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Սեպտեմբերի 1-ը, որ նշվում է Գիտելիքի ու դպրության օր, շատ կարեւոր եւ բովանդակային օր է բոլորիս համար. ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ «Կարեւորը նպատակի հստակությունն է»: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ կրթված հասարակությունն ամենզորեղն է:
Սիրելի´ առաջին դասարանցիներ,
Դուք մուտք եք գործում կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզ սպասվում է գիտելիքների մեծ շտեմարան, դուք պետք է վերցնեք ամենն ու կիրառեք հետագա ուսման մեջ:
Սիրելի´ ուսանողներ,
Դուք մտնում եք կյանքի կարեւորագույն փուլ, դուք ստանալու եք մասնագիտություն, որի միջոցով ամրապնդելու եք մեր պետության ապագան:
Հարգելի´ մանկավարժներ, շնորհակալ ենք Ձեզ ամենօրյա բարեխիղճ աշխատանքի համար, անգնահատելի է Ձեր աշխատանքը, քանզի ձեզանից է կախված, թե ինչպիսի հայրենասեր եւ ազգանվեր քաղաքացիներ կձեւավորվեն ապագայում:
Երկրապահ կամավորականների միությունը եւս աշխատում է պատանիների հետ: Մենք շնորհավորում ենք նաեւ պատանի երկրապահներին, ովքեր հստակ գիտակցելով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդգրկվում են մեր շարքերն ու ստանում բազմակողմանի գիտելիքներ: «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մեր ապագա սերունդը հզոր է, պայքարող, վճռական: Սիրելի ծնողներ, շնորհակալ ենք Ձեր վստահության համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում՝ հաջողություններ ուսուցման եւ ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ. Միքայելյան


