«Ես երդում տված եմ եւ կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»,- Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 63 տարեկան: Հրամանատար Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն, իր ողջ գիտակից կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը, Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջին ու իրավունքին։
Մեծ Եղեռնից փրկված եւ ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում ծնված երիտասարդը ԱՍԱԼԱ-ի ղեկավարներից էր, տիրապետում էր 9 օտար լեզվի: Սփյուռքում բազում հայանպաստ գործեր իրականացնելուց, մի շարք հայկական հարցը բարձրացնող թեզեր ու հոդվածներ գրելուց ու աշխարհին ներկայացնելուց հետո, երբ սկսվում է հայ-ադրբեջանական բախումները Մոնթեն գալիս է Հայաստան: 1991թ. աշնանը մեկնում է Արցախի մարտերին մասնակցելու: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել էր նաեւ Քարվաճառը:
Փա՛ռք Քեզ, հրամանատար Մոնթե Մելքոնյան:
Դու այսօր հայ ժողովրդի զավակն ես: Քո եւ մեր բոլոր հերոսների օրինակով կրթվում ու դաստիարակվում են սերունդներ:
Ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում Մոնթեն ամենաազնիվն էր աշխատում: Նա հենց իր այդ ազնվության, պարզության շնորհիվ կարողանում էր հերոսական դրվագներ կերտել:
Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է հերոս հրամանատար Մոնթեի ընտանիքին, հայ ժողովրդին նրա ծննդյան տարեդարձի առթիվ: Մենք միասին մեծ ճանապարհ ենք անցել. հավատացնում ենք, որ Արցախի համար այս դժվար օրերին էլ շարունակել ու շարունակելու ենք նույն ոգով պայքարել, չկորցնելով, Արցախի մեր պապական հողերը հետ վերադարձնելու հույսը: