Ուղերձ Առաջին Հանրապետության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ.

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այդ թվականներին տեղի ունեցավ առաջին խորհրդարանական ընտրությունը, հիմնադրվեց հայկական թղթադրամը, մենք ունեցանք պետական օրհներգ, զինանշան, դրոշ:

Առաջին Հանրապետությունը կարճ տեւեց, բայց մեր դարավոր երազանքն էր ունենալ պետություն, պետականություն, հզո՛ր հայրենիք: Մեր գիտակցության մեջ ամրապնդվել էր, որ մենք ունենք հայրենիք, հանուն որի պետք է պայքարենք, ունենք հայրենիք, որը մեր անվտանգության ապահովման միակ գրավականն է, ունենք պետություն, որը պետք է բնակեցված լինի հայերով:

Տարիներ շարունակ մեր ժողովուրդը տարբեր փորձությունների դիմակայեց, որի գագաթնակետը դարձավ Արցախյան ազատամարտը: Եվ հենց հերոսական գոյամարտը ցույց տվեց, որ մենք հզոր ենք, միասնական: Հաղթական պայքարի տարիներից հետո մեր ազգը կրկին զարթոնք ապրեց ու մենք դարեր ի վեր ունեինք մեկ նպատակ՝ ամեն ինչ անել անկախ պետություն ունելու, մեր նոր ձեւավորված պետությունը զարգացնելու, սահմաններն անառիկ պահելու ու երկրորդ հազարամյակի սկզբի արհավիրքն այլեւս թույլ չտալու համար:

Սիրելի՛ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Կեցցե՛ հաղթանակների մայիսը,
Կեցցե՛ հայ ժողովուրդը,
Կեցցե՛ Արցախյան ազատամարտը, երկրապահը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախ աշխարհը:


Հայ ժողովուրդը դարերի ընթացքում պատմության փառավոր էջեր է կերտել, մենք` երկրապահներս էլ այդ փառավոր էջերը կերտողներից ենք, մենք միշտ մեր պետության, բանակի կողքին ենք: Եվ համոզված ենք, որ մեր պետությունը հզորանալու է, մեր եռագույնը ծածանվելու է հավիտյան, իսկ մեր ժողովուրդը, որ այսօր ավելի գիտակից է, ավելի պահանջատեր եւ վստահում է իր իսկ ընտրած իշխանությանը ապրելու է իր երազած հայրենիքում:

Փա՛ռք մեր անմեղ զոհերին,
Փա՛ռք Եռաբլուրին,
Փա՛ռք մեր ժողովրդին, մեր բանակին,
Փա՛ռք մեր հզոր պետությանը:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ