• ԳԼԽԱՎՈՐ
  • ԵՐԿՐԱՊԱՀ
  • ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ
  • ԱԶԱՏԱՄԱՐՏ
  • ՖՈՏՈՍՐԱՀ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ

Շուշիի ազատագրում

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992 թվականի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը։

Ռազմական գործողությանը նախորդած իրադարձություններ

Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի ռմբակոծում

Ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը: Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Ինքնապաշտպանության ուժերի 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումն ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական նախադրյալներ Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

Առանձին ռազմական գործողություններ

Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

Հարսանիք լեռներում ռազմագործողություն

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին և արմատական բեկում է առաջացել Արցախյան պատերազմում։

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։

Մեր խնդիրը՝
Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,
ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։
Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,
«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,
Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,
Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան։
Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին։

Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։ Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի “մաքրման” գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։

Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։

 

 

 

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏ

Արցախյան ազատամարտ

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում...

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում...

Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին...

ԱՄԵՆԱՆՈՐԸ

video

ԵԿՄ-ն 30 ազատամարտիկի ճանապարհեցին Սոչի՝ հանգտի

Ռուսաստանի հայ բարերար Արման Ճուղուրյանի հովանու ներքո և Երկրապահ կամավորական միության նախաձեռնությամբ 30 ազատամարտիկ ճանապարհվեց Սոչի քաղաք՝ 15 օրյա հանգստի: Նախաձեռնության և այլ հարցերի մասին...

Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ

Երկրապահ կամավորականների միության` ապրիլի 7-ին գումարված 12-րդ արտահերթ համագումարում միաձայն վարչության նախագահ ընտրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Երդվում եմ մեր եռադրոշով՝...

Հայաստանի զինված ուժեր

Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն: Պատմություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում,...