Արցախյան ազատամարտի փուլերը

Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11.1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է համաժողովրդական հանրաքվե, որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է Արցախի անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր մինչ այդ՝ դեկտեմբերի 8-ին, Մինսկի մերձակա Բելովեժյան թավուտում, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման համաձայնագրի ստորագրման համատեքստում։

Շահումյանի շրջանը սահմանակից Կասում Իսմայիլովին միացնելու և Գերանբոյի շրջան ստեղծելու (14.1.1991) կամ ԼՂԻՄ-ը լուծարելու (26.11.1991) մասին որոշումները բացահայտել են Ադրբեջանի բուն նպատակը, այն է՝ ադրբեջանական բնակավայրերը ռազմական հենակետերի վերածելուց զատ, դարձնել նաև «միջանկյալ օղակներ»՝ արցախյան այս կամ այն հողատարածքը պոկելու և Ադրբեջանի հարակից շրջանին բռնակցելու համար։ Հետևաբար, Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից են եղել Ադրբեջանի այդ նկրտումներին հակազդելն ու հաղորդակցության կարևոր ճանապարհներն ադրբեջանցի զինյալների վերահսկողությունից ազատելը։

Ստեփանակերտին մերձակա Ջամիլլու գյուղը վնասազերծվել է դեկտեմբերի 15-ին։ Հաջորդ օրը Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է ՄՀՆՋ-այինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին։ Թեև օրակարգում Կրկժանի ազատագրումն էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր «միջանկյալ օղակներից» մեկը և Կրկժանից շեղել հակառակորդի ուշադրությունը՝ նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր Բադարա, Աստղաշեն ու Դահրավ գյուղերի համար և Խոջալուի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։

Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի գիշերը։ Յոթ ժամ տևած մարտերն ավարտվել են հակառակորդի այդ կարևոր հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22–23-ին վնասազերծվել են նաև Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերեթ-Քերեվենդ և Ումուդլու գյուղերի հենակետերը։

Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել Արցախի բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և Աղդամից 300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ ՄԻ–24 ուղղաթիռի Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել Արկադի Տեր-Թադևոսյանը, որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Տարբեր ժամանակներում Արցախի զինված ուժերի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ հայազգի կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում՝ 500-ական մարտիկ։

1992 թվականի հունվար
1992 թվականի հունվարի 19–20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։ Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել Քարինտակի ուղղությամբ։ Սակայն հարևան գյուղերից և մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել (տես Քարինտակի ինքնապաշտպանություն)։

1992 թվականի փետրվարի 9–11-ի ընթացքում հակառակորդը կորցնելով Մալիբեկլուի և Ղուշչուլարի ռազմակայանները՝ հարձակման է անցել ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Փետրվարի 14-ին Շուշիից առաջին անգամ Ստեփանակերտը հրթիռակոծվել է ՄՄ–21 «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքով։ Մինչ այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին՝ «Ալազան»-ով։ 1992 թվականի հունվարի 13-ին Շահումյան ավանը հրթիռակոծվել էր «Գրադ»-ով։ Վերջինս միջազգային համաձայնագրով արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ, բայց մշտապես օգտագործվել է շուրջ 70 հզ. բնակչությամբ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի դեմ։

Փետրվարի 17-ին և 22-ին Ղարադաղլուի և Վերին Վեյսալուի ռազմական գործողությունները կարևոր հաղթանակներ էին Մարտունիի շրջանում միասնական ճակատ ու ապահով թիկունք ստեղծելու, ինչպես նաև այդ ուղղության ռազմաճակատն ամրացնելու առումով։

1992 թվականի փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության ԳԽ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։

Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես Խոջալուի ազատագրում)։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել հակառակորդի՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի են սրվել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։

1992 թվականի մարտ
1992 թվականի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։

1992 թվականիգարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով Արկադի Տեր-Թադևոսյանի, ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, Արցախի Հանրապետության ԳԽ Նախագահությունը 1992 թվականի մարտի 4-ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև Արցախի պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են Վ. Բալայանը, Օլեգ Եսայանը, Արկադի Կարապետյանը, Արթուր Մկրտչյանը (նախագահ), Սերժ Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Մարտի 11-ին Ասկերանի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը Արցախը կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և Կիչան գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։

1992 թվականի ապրիլ
1992-ի ապրիլին առավել ցայտուն են արտահայտվել Ադրբեջանի որդեգրած «բնաջնջողական պատերազմի» քաղաքականության տարրերը։ Ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ առանձին տեղամասերում հակառակորդը փորձել է բացահայտել ԻՊՈւ պաշտպանության համեմատաբար թույլ օղակները, մշտական հրետակոծությունների միջոցով ավերել խաղաղ բնակավայրերը և հոգեբանորեն ընկճել բնակչությանը։ Բոլոր ռազմական գործողություններին ներգրավել են նաև ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի (Կիրովաբադում տեղակայված) սպաներին։

Իսկ Շուշիի ռազմական գործողությանն անմիջապես նախորդել է 1992 թվականի ապրիլի 29-ին Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտը։ Արցախի ԻՊՈւ-ի ակտիվ գործողություններին սպասող հակառակորդը հոգեբանական լարված իրավիճակում կորցրել է հավասարակշռությունը և նախահարձակ եղել։ Կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը և կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով՝ հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները։ Դա Շուշիից ու Ջանհասանից հակառակորդի ձեռնարկած ցամաքային վերջին հարձակումն էր։

Այդպիսով, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը նոր թափ ու ծավալներ էր ընդունել։ Ադրբեջանական կողմն առաջինն է կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում՝ Տ–72 տանկեր, «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքներ։ Արցախի ԻՊՈւ թվապես ու սպառազինությամբ գերակշռող հակառակորդին արժանի հակահարված են հասցրել, ոչ միայն պաշտպանելով հանրապետության սահմանները, այլև վնասազերծելով Ադրբեջանի ռազմական հենակետերը։ Գարնանային պատերազմաշրջանի կեսերին Արցախում հակառակորդի գլխավոր զինադաշտը շարունակել է մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը։

Ստեղծված իրավիճակում Շուշիի ազատագրումը դառնում էր պարտադրված անհրաժեշտություն. դրա համար առկա էին տնտեսական ու ռազմական բոլոր նախադրյալները։

ԱՄԵՆԱՆՈՐԸ