Երկրապահ կամավորականների միության վարչություն

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ:
Սեպտեմբերի 21-ը մեր նորագույն պատմության ամենավառ ու ճակատագրական էջերից մեկն է․ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր Անկախությունը՝ հավերժ ամրագրելով մեր ժողովրդի ազատ ապրելու և ինքնուրույն ապագա կերտելու իրավունքը։
Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Անկախությունը մեզ տրված պարգև չէր․ այն նվաճվել է մեր հայրերի ու եղբայրների, մեր մարտական ընկերների ու քաջարի զավակների արյամբ ու զոհողությամբ։ Այն կոփվել է մեր ժողովրդի տոկունությամբ, միասնականությամբ ու անկոտրում կամքով։
ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը հստակ ու դիպուկ ձևակերպել է մեր ուղենիշը․«Անկախությունը բացարձակ արժեք է, անկախությունը քննարկման կարիք չունի»։ Այսօր էլ այդ պատգամը մնում է առաջնորդող՝ մեզ պարտավորեցնելով ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ պահել ու պահպանել մեր դարերի երազանքը՝ մեր բացարձակ արժեքը՝ Անկախությունը։
Այս օրերին, երբ մեր ժողովուրդը շարունակում է բախվել փորձությունների, առավել քան երբևէ կարևորվում է մեր համախմբվածությունը, ներքին համերաշխությունն ու անսասան հավատը Հայաստանի ապագայի հանդեպ։
Երկրապահ կամավորականների միությունն իր առաքելությունը շարունակում է ամեն օր․ սահմանին կանգնած են Երկրապահ գումարտակները, իսկ պատանի երկրապահները մեծանում են հայրենասիրության ոգով ու պարտքի բարձր գիտակցությամբ՝ պատրաստ շարունակելու իրենց ավագների գործը։
Հավերժ փառք ու խոնարհում Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսներին։
Փառք մեր ժողովրդին, հայոց բանակին, երկրապահին ու բոլոր ազատամարտիկներին։
Թող Աստված պահապան լինի մեր ազգին և մեր պետությանը։

ՀՀ ԵԿՄ վարչություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ