Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Շնորհավորում ենք մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման օրվա կապակցությամբ:
1918 թվականի այս օրը մեր ժողովուրդը, պատմական ծանրագույն ժամանակաշրջանում, կարողացավ վերականգնել պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում կռվող մեր նախնիներն ապացուցեցին, որ անկոտրում կամքը, միասնությունը եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացումն ու սերը կարող են կերտել պատմություն։
Թեեւ Առաջին Հանրապետությունը կարճ տեւեց, սակայն այն ամուր հիմք դարձավ մեր վերածննդի համար՝ ցեղասպանությունից վերհառնող մեր ժողովրդի համար իր բնօրրանում վերակերտելու Պետականությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ
Մենք պարտավոր ենք լինել մեր պետության կողքին, զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը: Երկրապահը որպես միասնության խորհրդանիշ, ամուր ընտանիք է՝ պատրաստ ծառայելու մեր հայրենիքին: Երկրապահ կամավորականները հավատարիմ իրենց սուրբ երդմանը՝ միասնական, բանակի հետ համատեղ կանգնած են մեր պետական սահմաններում:
Եկեք համախմբվածությամբ, հայրենասիրությամբ լծվենք Հայրենիքի հզորացման գործին, ապագա հաղթնակների վերակերտմանը։
Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին։
Փառք մեր ժողովրդին, հայոց բանակին, երկրապահին, ազատամարտիկներին, կամավորականներին։
Աստված պահապան մեր ազգին:
Թող մայիսյան հաղթանակները մեզ ոգեշնչեն նոր ձեռքբերումների, համազգային համախմբման, խաղաղ ու էլ ավելի բարեկեցիկ ապագայի կերտման։
Շնորհավոր տոնդ, Հայասատա՛ն։
ՀՀ ԵԿՄ վարչություն