Կյանքից անժամանակ հեռացավ մեր մարտական ընկեր, ԵԿՄ Շիրակի մարզխորհրդի նախագահ Յուրիկ Ալեքսանյանը։
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը եւ վարչությունը խորին ցավակցություն է հայտնում Ալեքսանյանների ընտանիքին, մարտական ընկերներին՝ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական, ազատագրական մարտերի մասնակից, մեր մարտական ընկեր Յուրիկ Ալեքսանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Անգնահատելի է նրա նվիրումն ու ավանդը հայրենիքի պաշտպանության գործում: Արցախյան բոլոր պատերազմների ակունքներում կանգնած հրամանատարը հայրենիքի նվիրյալ զավակներից էր:
Նա պատվով էր կրում Երկրապահ կոչումն ու առաքելությունը: Երկար տարիներ եղել է ԵԿՄ վարչության անդամ, 2010թ․ մինչ օրս ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահն էր։ Յուրիկ Ալեքսանյանը մարտական գործողությունների ընթացքում մշտապես եղել է առաջին գծում, իրեն են վստահվել մարտական դժվարին առաջադրանքներ եւ հանձնարարություններ․ մինչ օրս հայրենիքի սահմաններում էր՝ նա սիրված հրամանատար էր։ Նման հրամանատարները երբեք չեն մոռացվում, նրա գործն անմահ է:
Հավերժ փա՛ռք Քեզ, մեր մարտական ընկեր, հայրենիքի նվիրյալ զավակ Յուրա Ալեքսանյան։
Կիսում ենք վիշտը:
Ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին տոկոնություն եւ համբերություն ենք մաղթում:
ՀՀ ԵԿՄ վարչություն
Մարտական ուղի
Յուրիկ Միշայի Ալեքսանյանը ծնված 1967թ․-ին, 1990-1994թթ․ մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին։
1990թ․ մասնակցել է ՀՀ Գորիսի շրջանի Խնածախ, Խոզնավար եւ Վաղատուր գյուղերի պաշտպանական մարտերին։
1991թ․ հունվար ամսից մասնակցել է Գորիսի շրջանի պաշտպանական մարտերին, ապրիլ ամսից մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի ազատագրական մարտերին, որպես «Ուրարտու» ջոկատի հրամանատար։
1992թ․ մասնակցել է ԼՂՀ Մարտունու շրջանի պաշտպանական-ազատագրական մարտերին։
1992թ․ մասնակցել է Լաչինի միջանցքի ընդլայնմանը եւ Գյուլիբերդ-Սաֆյան հատվածի պաշտպանությանը։
1993թ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Պողոսագոմեր, Վաղուհաս, Առաջաձոր, Չլդրան, Դրմբո, Հաթերք, Զագլիկ, Ումուդլու, Գյուլաթաղ, Կուսապար, Հակոբ Կամարի, Մեգրելսկ, Մաղավուզ գյուղերի ազատագրմանը։
1993թ․ մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլու գյուղի եւ Ֆիզուլի տարածքի ազատագրական մարտերին։
1994թ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Հակոբ Կամարի, Տոնաշեն գյուղերի ազատագրական մարտերին։
1994թ․ վիրավորվել է Մարտակերտի շրջանում ընթացող մարտական գործողությունների ժամանակ, դարձել 2-րդ խմբի հաշմանդամ։
Չնայած առողջական խնդիրներին, նա շարունակել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։
2016թ․ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։
2020թ․ մասնակցել է 44-օրյա պատերազմին։
2020թ․ նոյեմբերից ԵԿՄ գումարտակներն իրականացնում են մարտական հերթապահություն մեր պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Յուրա Ալեքսանյանը որպես ԵԿՄ գումարտակի հրամանատար մինչ օրս մարտական դիրքերում էր, իրականացնում էր ե՛ւ մարտական հերթապահությունը, ե՛ւ ինժիներական աշխատանքներ էր կատարում։
Պարգեւատրվել է ՀՀ Կառավարական եւ Գերատեսչական, ԼՂՀ կառավարական մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով։
2021թ․ մարտի 5-ին պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով։
Յուրա Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 18։00-ից՝ Գյումրու Սբ․ Հակոբ Մծբինեցու եկեղեցում Անի /58/ թաղամաս։
Հուղարկավորությունը՝ նույն վայրից, Նոյեմբերի 1-ին, ժամը 13։00-ին՝ «Շիրակ» գերեզմանատան պանթեոնում։