Սիրելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության տոնի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, մեր ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մենք կարողացանք մեր համազգային միասնության ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու մեր դարավոր երազանքը: Առաջին Հանրապետությունը թեեւ կարճ տեւեց, բայց մեծ ազդեցություն ունեցավ ցեղասպանությունից վերհառնող մեր ժողովրդի համար իր բնօրրանում վերակերտելու Պետականությունը։
Մենք հաղթահարել ու այսօր էլ հաղթահարում ենք բազում դժվարություններ, եւ շարունակում ենք արարել: Մենք պարտավոր ենք լինել մեր պետության կողքին, զարգացնել ու հզորացնել մեր պետությունն ու բանակը: Երկրապահը որպես միասնության խորհրդանիշ, ամուր ընտանիք է՝ պատրաստ ծառայելու մեր հայրենիքին: Երկրապահ կամավորականները հավատարիմ իրենց սուրբ գործին՝ միասնական կանգնած են մեր պետության սահմաններում:
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր մեր պետության, անկախության, ինքնիշխանության առջեւ լուրջ մարտահրավերներ կան ծառացած եւ բոլորիս ընդհանուր ջանքերի, համախմբվածության, սթափության, հեռատեսության ու միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարենք այն։ Միայն համազգային համախմբվածությամբ կարող ենք անսասան եւ ամուր պահել մեր պետական սահմաններն ու պետականությունը։
Պատմությունը ցույց է տալիս, որ Հայ ժողովուրդն ունի վերքերը բուժելու, ծանր հարվածներից սթափվելու հնարավորություններ։ Հայրենասիրությամբ լծվենք Հայրենիքի վերաշինման գործին՝ ապագա հաղթնակների վերակերտման հավատով։
Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին։
Փառք մեր ժողովրդին, հայոց բանակին, երկրապահին, ազատամարտիկներին, կամավորականներին։
Աստված պահապան մեր ազգին:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան