ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Պարոնայք սպաներ եւ գեներալներ,
Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ։
Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ, Կամավորական ջոկատների հիքի վրա ծնվեց մեր Բանակը։
90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու հոգեւորականը, եւ մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ 1991 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար նշանակվեց ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Այդ ժամանակահատվածում մենք մեր բանակով շատ ենք հպարտացել, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ՝ երկրապահի հիմքի վրա, փառապանծ ճանապարհով ստեղծվեց Հայոց բանակը։
Այսօր դժվարությունների միջով է անցնում հայոց բանակը, բայց մենք ուրիշ տարբերակ չունենք․ մենք պետք է կարողանանք հաղթահարել դժվարությունները, պիտի կանգուն լինենք, հաստատակամ՝ հանուն արդարության հաստատման։ Պետք է համոզված լինենք մեր նորանոր ձեռքբերումների, նվաճումների վրա եւ համազգային համախմբվածությամբ բոլոր ջանքերն ուղղենք մեր հայրենիքի հզորացմանը։
Բանակի տոնը մեր նորագույն պատմության այն նշանավոր օրն ու հնարավորություն է, երբ եւս անգամ պետք է հիշել բոլոր հերոս երկրապահներին, ազատամարտիկներին, կամավորականներին, զինվորականներին, որոնց նվիրումի ու հաճախ նաեւ կյանքի գնով ստեղծվեց եւ կայացավ մեր բանակը, որը դարեր շարունակ եղել է մեր պապերի երազանքը։
Փա՛ռք ու պատիվ Հայոց բանակին,
Փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին։
Առանձնահատուկ շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում երկրապահ կամավորականների միությանը, ազատամարտիկներին, կամավորականներին, ԵԿՄ գումարտակների անձնակազմներին, ովքեր այս դժվար օրերին, տարվա ցանկացած եղանակի, օրվա յուրաքանչյուր ժամի կանգնած են պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով՝ մեր զինվորների կողքին։ 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը երկրապահ կամավորականների միության գումարտակները զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում են մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց: Միայն 2023թ․ շուրջ 8․000 երկրապահ կամավորական իրականացրել է մարտական հերթապահություն մեր պետական սահմաններում։
Այո՛ երկրապահը սկսած գործը շարունակում է՝ հանուն մեր պետության, պետականության, ինքնիշխանության։
Շնորհակալություն Հայոց բանակի զինծառայողներին՝ շարքայիններից մինչեւ սպա եւ գեներալ։
Շնորհակալություն ԵԿՄ Պատանի երկրապահներին, ովքեր գիտակցված եւ պատասխանատվության բարձր զգացումով մեր կողքին են՝ պատրաստ շարունակելու մեր գործը։
Մենք կամաց քայլերով, բայց մեր ուժերին հավատալով ու վստահելով պետք է առաջ շարժվենք, պետք է չկորցնենք հավատը։
Ես խոնարհվում եմ անմահացած հայորդիների ծնողների առջեւ,
Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջը,
Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին,
Փա՛ռք մեր պետությանը, պետականությանը,
Աստված պահապան մեր հայրենիքին, մեր ազգին։

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝
Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ