Ուղերձ

Սիրելի՛ հայրենակիցներ, արցախահայություն, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Անցնող տարին ցավոտ տարի էր՝ լի դժվարություններով, կորուստներով։
Երկրապահ կամավորականների միությունը միշտ մեր պետության, մեր պետականության, մեր բանակի կողքին է, մեր Զինված ուժերի թիկունքին կանգնած: Սա դեռ վերջը չէր:
Թող Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները բոլորիս հավատ, ուժ, միասնություն բերեն:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը բոլորին էր ցանկանում հասու դարձնել պարզ, բայց խորությամբ չգիտակցվող իրողությունը․ «Մեր պապերը, մենք անկախ Հայաստան չերազեցինք, որպեսզի հայրենիքը լքենք ու նոր սփյուռք դառնանք։ Մենք պետություն չստեղծեցինք՝ անպաշտպան քաղաքացիներ ունենալու համար։ Մեզ համար պատվաբեր չէ սովյալների, մուրացկանների, հուսահատների հայրենիք ունենալը։ Մեզ համար պատվի ու արժանապատվության հարց է ամուր եւ հզոր Հայաստան կերտելը։ Իսկ դա միայն ցանկությամբ, պահանջելով կամ բարեմաղթանքներով չի տրվում։ Չարչարվել ու քրտնել է անհրաժեշտ»։
Սպարապետ Վազգեն Սարգսյանը համոզված էր․ «․․․դարերով ու տասնամյակներով կուտակված հիմնահարցերը մեկ անգամից չեն լուծվի։ Հրաշքները միայն հեքիաթներում են լինում։ Մեր իրականությունը փոխելու համար միաբանություն, նվիրում, համբերություն, համառ աշխատանք ու քրտինք է անհրաժեշտ։ Այս պարագայում ես լիահույս եմ, որ մեր երկրին փայլուն ապագա է սպասվում։ Պարզապես անհրաժեշտ է վստահաբար ու նոր թափով լծվել այդ առաքելության իրականացմանը»։
Սիրելի՛ հայրենակիցներ
Մենք պարտավոր ենք համազգային համախմբվածությամբ կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին:
Մենք պարտավոր ենք ամեն օրը նվիրելու մեր հայրենիքի հզորացմանն ուղղված գործին: Ամենքս մեր գործում պետք է լինենք լավագույնն ու ծառայենք հանուն հայրենիքի:
Երկրապահը Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ եղել է անկախության ջատագովը։ Երկրապահը այսօր էլ համախմբված, միասնական շարունակում է իրականացնել իր սրբազան առաքելությունը։
Այսօր երկրապահ կամավորականների միության գումարտակները հերթափոխ իրականացնելով մարտական հերթապահություն են իրականացնում մեր պետական սահմաններում։
Առանձնահատուկ շնորհավորանքս այս օրերին սահմանում կանգնած երկրապահ կամավորականներին, մեր բանակին՝ քաջարի զինվորներին։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Պատանի երկրապահներին, ովքեր մեր հզոր ապագա կերտողներն են։
Շնորհավորանքս մեր հերոս մայրերին, քույրերին, սահմանում մեր կողքին կանգնած կանանց։
Իմ խոնարհումը զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին։

2024թ․ լինի մեր պետության համար ձեռքբերումների, արդար, վերջնական ու հաստատուն որոշումների տարի։
Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը․ «Անկախությունը դա բացարձակ արժեք է: Անկախությունը քննարկման կարիք չունի»:
Աստված պահապան մեր հայրենիքին, հայ ժողովրդին, բոլորիս ընտանիքներին։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։
Փա՛ռք մեր պետությանն ու պետականությանը։

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

 

ԱՄԵՆԱՆՈՐԸ