Պատերազմ էր, կռվում էին բոլորը, նրանցից մեկն էլ երիտասարդ Դավիթ Սարապյանն էր, ով 1990թվականին ընդունվեց Հայոց նորօրյա հերոս Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Անկախության բանակի» շարքերը, որից հետո դարձավ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի զինվոր։ Դավիթի մեջ հայրենասիրությունն էր ամփոփված, նա անձնուրաց պայքարեց հանուն հայրենիքի՝ հատկապես ծննդավայր Տող գյուղի պաշտպանության, ազատագրման: Հերոսաբար զոհվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Շահումյանի շրջանի Թոդան գյուղում ընթացող մարտերի ժամանակ:
Երեւանի թիվ 100 հիմնական դպրոցը 2022թ. անվանակոչվել է Դավիթ Սարապյանի անունով: Դավիթի զինակից, ԵԿՄ Նորք Մարաշի տարածքային բաժանմունքի նախագահ Աղվան Մխիթարյանը դպրոցի անվանակոչությունից հետո քանդակեց մարտական ընկերոջ Դավիթ Սարապյանի՝ Դեւի կիսանդրին, որն իր ուրույն տեղը գտավ դպրոցի բակում:
Դպրոցի բակում լավագույն աշակերտները հանդիսավոր բացեցնին քանդակը: Ներկաները հիշեցին Դավիթի անցած ուղին, նրա պայքարող, չհանձնվող կերպարը:
Միջոցառմանը հրավիրված ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր խոսքում կարեւորեց նման իրողությունները. «մեր դպրոցականները պետք է լավ ճանաչեն հերոսներին»:
Կազմակերպվել էր նաեւ հուշ ցերեկույթ, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին Դավիթ Սարապյանի կյանքն ու խոստացան բարձր պահել դպրոցի անունը: