Երկրապահները հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Երկրապահ կամավորականների միության անդամերը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի անվան պանթեոնում հանգչող ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակի, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում Արմենակ Արմենակյանի հիշատակի առջեւ։
1999թ. հոկտեմբերի 27-ը հարված էր մեր պետականության ողնաշարին՝ պետությունն արմատախիլ անելու, մեր պետության հենարանը կոտրելու դաժան իրականություն։ Այդ օրը խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, Վարչապետ Վազգեն Սարգսյանը, 8 պետական գործիչներ: Սպանվեցին ոչ միայն անհատներ, սպանվեց մի համակարգ, որն ամեն օր աշխատում էր Հայաստան եւ Արցախ պետությունների ապահով եւ անվտանգ ապագա կերտելու համար։
Հայ ժողովուրդը կորցրեց մեր նորանկախ պետականության կերտման համար իրենց մեծ ավանդը ներդրած անհատների:
Մինչ օրս երկրապահ կամավորականներն առաջնորդվում են Վազգեն Սարգսյանի գաղափարներով:
«Ես հավատում եմ Հայաստանի ապագային…»,- ասում էր ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը:
Բոլորս պետք է հավատանք Հայաստանի ապագային, պետք է համախմբված եւ միասնական կերտենք մեր անվտանգ ու ապահով հայրենիք ունենալու դարավոր նպատակը: Երկրապահները վարչության նախագահի առաջնորդությամբ միասնական ամեն օրը նվիրելով հայրենիքի սահմանների պաշտպանությանը չեն դադարում պայքարել:

ԱՄԵՆԱՆՈՐԸ