ԵԿՄ անձնակազմը ցուցակագրվում է, համապատասխանեցվում ըստ նախկինում զբաղեցրած պաշտոնների, որոնք ամրագրվել, թրծվել են Արցախյան երեք պատերազմներում։ Զինվելուց հետո երկրապահ կամավորականները ներգրավվում են մարտական պատրաստվածության պարապմունքներին։ Գումարտակի անձնակազմի մեծ մասը երեք պատերազմ է անցել, նրանք գիտեն մարտավարական շատ հնարքներ, տիրապետում են զենքին, տարբեր տեխնիկաների, սակայն վերապատրաստվելը, նորագույն տեխնիկական միջոցներին ծանոթանալն ու դրանք կիրառելը պարտադիր են։
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը մշտական ուշադրության կենտրոնում է պահում զորավարժանքների մասնակցող անձնակազմին։ Մարտավարության, անվտանգության կանոնների պահպանման հրահանգներ է տալիս, զրուցում առկա խնդիրներից, կարեւորում բարոյահոգեբանական բարձր մթնոլորտը։
Գործնական պարապմունքների պատրաստվածության ավարտից հետո ԵԿՄ երկրորդ գումարտակը կիրականացնի մարտական հերթապահություն։