Հայրենի բնության զարմանահրաշ պատկերները բաց թանգարան են, հյուսված պատմություններով, հերոսապատումներով

Սյունյաց աշխարհի արահետները, ձորերն ու կիրճերը, վիթխարի գազաններ պատկերող քարաժայռերը, տիտանների բերդերը պատմում են Լեռնահայաստանի պատմությունը:

Երկրապահ կամավորականներն այստեղ իրենց օտար չեն զգում։ Դեռեւս 90-ականներից  նրանք եղել են Հայաստանի եւ Արցախի տարբեր ճակատներում, կռվել, մաքառել, վայելել հաղթանակի բերկրանքը, ապրել  ընկերոջ, հողի, կորստի ցավը։

Հրամանատարի շարունակական շրջայցի նպատակը ընթացիկ դիրքերի բարելավման աշխատանքներին, տղաների բարոյահոգեբանական վիճակին, մարտավարությանը, անվտանգության եւ մի շարք այլ կանոններին ծանոթանալն է։ Զրույցներում նկատվում է երկրապահ տղաների բարձր ոգեւորվածությունը, նվիրվածությունը հողին, երկրին, վազգենյան արժեքներին:

Հրամանատարի հետ անցնում ենք դիրքից դիրք, խրամատից խրամատ: Հայրենի բնության զարմանահրաշ պատկերները թանգարան են, հյուսված պատմություններով, հերոսապատումներով:

Ամեն հաջորդ կանգառը տղաների հետ փոքրիկ դիրքային շքերթի է նման։ Հրամանատարի ու դիրքապահների զրույցները հետաքրքիր են դառնում փոքր-ինչ անսպասելի դրամատիկ երանգներով:

Անտառապատ լեռների արանքում՝ գետի երկու ափին ընկած է սահմանապահ գյուղը իր առօրյա հոգսերով, բոլոր հայկական գյուղերի նման ամենաօրինակելի կարք ու բաքով: Գյուղից հնչող առօրյա կյանքի ձայները զինվորի համար դառնում են գեղեցիկ մեղեդի: Գյուղն ամեն զինվորին գիտի՝ նա է ընդունում եւ ճանապարհում հերթափոխը:

ԵԿՄ վարչության նախագահը՝ ում համար չափազանց կարեւոր էր տեղացիների հետ սերտ շփումը, այցելեց դպրոց: Սակավաթիվ աշակերտներով եւ հայրենասեր մանկավարժներով դպրոցը մեծ ոգեւորությամբ ընդունում է երկրապահներին: Մթնոլորտն անմիջական է դառնում, լցվում աղմուկով: Ծանոթությունը կառույցի գրեթե բոլոր սենյակներով համագործակցության եւ առաջարկների նախադրյալներ է ստեղծում:

Հրամանատարը եւ երկրապահները փորձարկում են նոր սեղանի թենիսը, գնդակները եւ մարզական գույքը:

Գյուղի վաստակաշատ ուսուցչուհին  մեզ պատմում է գյուղի դպրոցի պատմությունը. որքան ջերմ, նույնքան հուզական է դառնում պատմության վերջաբանը, երբ ուսուցչուհին բացում է պատուհանը եւ երկար ու լուռ նայում անկոչ հյուրերին:

Հրամանատարի հուզմունքը վարակիչ էր:

Գյուղը, դպրոցը եւ ընդհանրապես հայրենյաց բոլոր շեները պետք է հզորանան, շենանան, կարդում ենք ներկաների հայացքում:

Հրաժշտի միասնական լուսանկարից հետո մշտապես խոստանալով հյուրընկալվել՝ դժկամությամբ հեռանում ենք դպրոցից:

Այստեղ՝ հայկական բարձրավանդակի ամենագեղատեսիլ վայրում պատմությունն ամեն մետրի վրա իր հետքն է թողել:

Սյունիքը հայ ազատագրական պայքարի կենտրոն է եղել հատկապես 17-18-րդ դարերում: Դավիթ Բեկի գլխավորությամբ հայ իշխանները ապստամբություն են սկսում պարսիկ խաների եւ Օսմանյան Թուրքիայի դեմ եւ գրեթե ամբողջությամբ ազատագրում ու մաքրում տարածքը: Դավիթ Բեկի իշխանության կենտրոնը Հալիձորի բերդն էր:

ԵԿՄ վարչության նախագահի այցելությունը Հալիձոր ոգեկոչումն է զինվորականի որպես հավատարիմ հայրենյաց պաշտպանի սուրբ գաղափարներին՝ Դավիթ Բեկից մինչեւ Նժդեհ, մինչեւ Վազգեն, որոնց համար Սյունիքը պարզապես աշխարհագրական տարածք չէր: Խորհրդավորության եւ վեհության արանքներում շարժանկարի պես անցնում են հերոսական պատկերները:

Բարձրից երկար դիտում է հրամանատարը՝ իջնում եկեղեցի: Եկեղեցու լռությունը գրկում է հրամանատարին, թաքցնում իր չվերջացող մթության մեջ:

Հալիձոր՝ հաղթանակների ծննդոց, վերցնում ենք քեզնից պատմական դասը տանում մեզ հետ, որպես հորդոր լինելիության:

Առջեւում Տիգրանասարի լանջին կանգնած Սյունյաց թագավորության գեղեցկուհին է՝ Վահանավանքը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ