«Հրամանատարը տխուր էր, երբ մենակ մնացինք, դուրս եկանք քայլելու, տափաստանային խորը, անդունդն ընկած գիշերվա մեջ, մենք մեր ոտքի ձայնը ու մեր խոսքի արձագանքն էինք լսում: Հեռու, անաստղ երկինքը, մեզ համար ջրհորի վրա իջած կափարիչի փակվածության նման էր, ու մենք դրանից նեղվում էինք, եւ մեր խոսակցությունը կիսատ, կիսաբառ ու անհասկանալի էր դառնում: Ճերմակում էր գիշերը»:
Արցախյան ազատամարտի նվիրյալ, «Սասուն» կամավորական ջոկատի ազատամարտիկ, արձակագիր Լեւոն Խեչոյանի անունն է այսուհետ կրելու Հրազդան համայնքի թիվ 10 ավագ դպրոցը:
Դպրոցի անվանակոչման համար կազմակերպվել էր հուշ ցերեկույթ, որին ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, գրողներ, գրականագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, երկրապահ կամավորականներ։ Ցերեկույթին ներկա էին նաեւ կինը, երեխաները, հարազատները:
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրեցին արձակագիր եւ ազատամարտիկ Խեչոյանի գործունեությունը: Կազմակերպիչները նշեցին, որ այս անվանակոչությունը միանշանակ իր ազդեցությունն է ունենալու, «մի բան հաստատ է. այս զարմանալի հեղինակը արմատ է գցելու դպրոցի շնորհաշատ սաների հոգում: Վաղը խշշալու են խնկի ծառերը` հաստատելով գոյության իրենց իրավունքը»:
Ցերեկույթի ավարտին Խեչոյանի մասին խոսեցին նրա գրչի եւ զենքի ընկերները:
Մարտական ընկերներից Ռուբեն Գալստյանն ու Սլավիկ Վարդանյանը փորձելով թաքցնել հուզմունքը, ներկայացրեցին ազատամարտիկ Լեւոն Խեչոյանին՝ մարտի դաշտում:
«Ուժեղության հետ կարծում էի՝ կանցնեմ բոլոր մեղքերի միջով եւ անմեղ կմնամ…»,- Լեւոն Խեչոյանն այսպես է արտահայտվել իր մասին: