Հայրենիքը նվեր չէ ծնողներից, այլ պարտք է սերունդներին

Բարձրանում ենք մեր հայրենիքի չքնաղ բնության լեռնային ճանապարհներով: Դժվարանցանելի կածաններով, անանցանելի բարձունքները հաղթահարելով հասնում հակառակորդին դեմ առ դեմ գտնվող հեռավոր դիրքը:

Տղաները պատվի առնելով ԵԿՄ վարչության նախագահին՝ դիմավորում են զեկուցում իրավիճակի մասին:

Նրանց ժպիտների խորքում տեսանելի է լուռ մտահոգությունը՝ իրենք իրենց պարտված չեն զգում:

Հրամանատարը ծանոթանում է դիրքային պայմաններին, տալիս հրահանգներ: Նա չափազանց կարեւորություն է տալիս անվտանգության կանոններին:

Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կայացման ակունքներում: Երկրապահ կամավորականների հիմքի վրա է ստեղծվել հայոց բանակը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անսահման եռանդի, ճիշտ ու հաշվարկված գործունեության արդյունքում:

Սուրճի հյուրասիրության ժամանակ սկսվում է անմիջական զրույցը:

Դեռ պատմությանը չհանձնած հերոսապատումները երկրապահները պահում են իրենց հոգու խորքում եւ ոչ վաղ անցյալի դրվագները հենց այստեղ են հյուր գալիս, որպես բեռ կցված ինքնաձիգին:

Երկրապահը այսօր էլ Սպարապետ Վազգեն Սարգսյանից ժառանգած պատգամով, նրա հայրենասիրական ոգով կանգնած է մեր պետության հզորացման ակունքներում:

Երկրապահ կամավորականները իրենց զավակի՝ բանակի հետ, զինվորի կողքին այս օրերին մասնակցելով եռամսյա զորահավաքներին մեծ  աշխատանք են իրականացնում:

Շարունակում ենք ճանապարհը՝ քարքարոտ ոլորաններով, հորդառատ գետերի միջով, դարավոր ծառերի արմատներից կոշտացած հողի վրայով ավտոմեքենայի անիվները մեզ հասցնում են հարեւան դիրքում մարտական հերթապահություն իրականացնող մեր տղաներին:

Վարարած գետի վրայով սահում է խոնավ քամին եւ սահմանները հսկող տղաների դեմքերին պատկերում է գարունը:

Դիրքի պատասխանատուն սեղմում է հրամանատարի ձեռքը, զեկուցում անցած օրերի իրադարձությունների մասին, ներկայացնում առաջիկա անելիքները: Ավելի ամուր, ավելի անվտանգ պետք է լինի խրամատը՝ ավելի տեսանելի լինի հակառակորդի շարժը:

Տղերքը ոգեւորված Սասուն Միքայելյանի այցից ներկայանում էին առաջարկություններով՝ ամեն գնով ավելին անելու պատրաստակամությամբ:

Դիրքից դիրք, երկար ու խորդուբորդ ճանապահներով, հրահանգներ ու կարգադրություններ տալով ԵԿՄ գումարտակի անձնակազմին ամփոփում էր օրը՝ հրամանը կատարված է:

ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ, ԵԿՄ գումարտակը հայ զինվորի հետ սահմաններում է:

«Կան մարդիկ, որոնք գետնին ընկած քարը ցույց են տալիս, որ, այ, էս քարը պետք է այն սարի գլխին լինի, եւ կան մարդիկ, որ այդ քարը գլորելով բարձրացնում են սարի գլուխ: Եթե ճիշտ եք ցույց տալիս, փառք ու պատիվ ձեզ, բայց գոնե բարձրացնելու պահին կողքից մի խանգարեք…»,-Վազգեն Սարգսյանն էր ասում:

Երկրապահները հենց այդ քարը բարձրացնողներն են․

Քարն անպայման կլինի բարձունքում։

Երկրապահները հավատում են, որ ոչ հեռավոր ապագայում միեւնույն է հասնելու են իրենց երազանքների ափին:

ԱՄԵՆԱՆՈՐԸ