ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այս օրերին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Սասուն Միքայելյանը աշխատանքային այցեր կատարեց մարզի ԵԿՄ բաժանմունքներում, ծանոթացավ այստեղ առկա խնդիրներին: Հարկ է նշել, որ առանցքային խնդիրներից է նաեւ բաժանմունքների նախագահների փոփոխման հարցը, ըստ անհրաժեշտության ԵԿՄ բաժանմունքներում կատարվում են ղեկավարների փոփոխություններ: Վարչության նախագահի հանձնարարականով աշխատանենքր են իրականացվում նաեւ կառույցի երիտասարդացման ուղղությամբ: ԵԿՄ Վարդենիսի, Վարդենիկի, Սեւանի, Գավառի, Ճամբարակի բաժանմունքներում մեկնարկում են հիմնանորոգման, վերանորոգման լայնածավալ աշխատանքներ: Մեծածավալ աշխատանքների արդյունքում լիովին փոփոխվելու են շենքային պայմանները: Պարտադիր պայման է, որ առանձնացված լինեն Պատանի երկրապահների համար նախատեսված լսարանները:
ԵԿՄ վարչության նախագահը հրահանգեց բաժանմունքների նախագահներին, որպեսզի վերջիններս հետեւողական լինեն մեկնարկող աշխատանքներին:
Ապա վարչության նախագահն այցելեց ԵԿՄ «Պատանի երկրապահ ուսումնամարզական» ճամբար: Ճամբարն արդեն իսկ պատրաստվում է այս տարվա ընդունելությանը, որը կմեկնարկի դպրոցական արձակուրդների տրամադրման օրերից: Ճամբարում անցած տարվա ընթացքում լայնածավալ աշխատանք էր իրականացվել, այս տարի ամրացման աշխատանքներ են իրականացվելու, կստեղծվեն էլ ավելի բարենպաստ պայմաններ:
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահը այց կատարեց նաեւ N զորամաս: Նա շրջայց կատարեց զորամասում, շփվեց հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ:
Վարչության նախագահը զորամասի հրամանատարի հետ ծաղիկներ խոնարհեց զորամասում տեղադրված խաչքարի առջեւ: