Սիրելի´ հայրենակիցներ
Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցը: 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունը հայաթափման, հայերի բնաջնջման լայնածավալ գործընթաց էր սկսել, որն իրականացվել էր մի քանի փուլով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, հայերի զանգվածային տեղահանություն եւ սպանություն։ Ոճրագործ քաղաքականությամբ ոչնչացնում էին մեր մշակությաին կոթողները, պատմական հիշողությունները։
Մեր խոնարհումը Սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:
Նախորդ դարավերջին երկրապահ հայ ժողովուրդը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ համախմբվեց: Մենք միասնական պայքարեցինք եւ ցույց տվեցինք աշխարհին, որ նոր Ցեղասպանություն թույլ չենք տա։
Մենք պարտավոր ենք հզոր ու համախմբված լինել. մենք պետք է դասեր քաղենք անցյալի թույլ տված սխալներից։
Թշնամին այսօր էլ նույն ոճրագործ քաղաքականությունն է իրականացնում՝ ինչում համոզվեցինք 2020թ․ աշնանը, եւ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ Այո՛ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներ այսօր էլ գոյություն ունեն, բայց մենք պարտավոր ենք մեր միասնությամբ հաղթահարելու դրանք եւ մեր արդար պահանջները բարձրացնելու: Միայն միջազգայնորեն դատապարտելով մարդկության դեմ ոճրագործությունները, աշխարհում կկանխվեն նոր ցեղասպանությունները. շնորհակալ ենք այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Երկրապահ կամավորականների միությունը ամենօրյա աշխատանք իրականացնելով, իր ավանդն է ներդնում մեր պետության հզորացման եւ սահմանների պաշտպանության գործին: Եռասերունդ երկրապահ կառույցում հայրենանվեր աշխատանք է իրականացվում ինչպես ավագ սերնդի երկրապահների, այնպես էլ երիտասարդ եւ պատանի երկրապահների շրջանում: Վառ օրինակ է «Պատանի երկրապահ» ակումբը, որ մեր հզոր պետության հիմնասյուներից է:
Մենք պիտի գիտակցենք, որ մեր ուժը մենք ենք՝ մեր ուժը աշխարհասփյուռ հայությունն է, հայ զինվորն է, հայ մայրը, եղբայրը, հայրը, քույրն է։
Փա´ռք ու պատիվ հանուն հայրենիքի նահատակված քաջերին. մեր պարտքն է հանուն Ձեր արյամբ սրբացած Հայրենիքի ապրել ու համախմբված պայքարել կրկնակի ուժով, ավելի հզորանալ եւ դիմակայել ներկայիս մարտահրավերներին:
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին, Սփյուռքին։
Խաղաղություն մեր երկրին,
Աստված պահապան բոլորիս։
ՀՀ ԵԿՄ վարչություն