Հանդիպումներ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի երկրապահների հետ

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ԵԿՄ բաժանմունքներում ապրիլ ամսվա սկզբին անցկացվեցին հանդիպումներ:

ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ Կապանի տարածքային բաժանմունքում անցկացվող հանդիպմանը ներկիա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, համայնքի ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնյաներ, ԵԿՄ վարչության անդամներ, երկրապահներ։

Հանդիպումն անցավ արդյունավետ եւ գործնական մթնոլորտում:

Սասուն Միքայելյանի հրամանով ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքում տեղի ունեցավ բաժանմունքի նախագահի փոփոխություն: Համաձայն վարչության նախագահի հրամանի Սուրեն Հովսեփյանին փոխարինեց Հրայր Եփրեմյանը:

Հանդիպման ընթացքում Սասուն Միքայելյան խոսելով անվտանգային հարցերի, ԵԿՄ գործունեության, երկրապահ կամավորականների միության երիտասարդացման, եւ առհասարակ երկրապահի դերի ու տեսլականի մասին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ երկրապահը կանգնելու է պետության ու հատկապես բանակի կողքին: Նա դիմելով կապանցիներին կրկին անգամ նշեց, որ մենք պետք է համախմբված լինենք մեր պետության, միմյանց շուրջը, որպեսզի կարողանանք դիմակայել մարտահրավերներին:

Սյունիքի մարզպետն էլ երկրապահական հանդիպման ժամանակ նշեց, որ մենք անշուշտ պետք է միասնական լինենք, սիրենք մեր հայրենիքը:  

Հանդիպման ընթացքում շնորհվեցին ԵԿՄ պատվոգրեր եւ շնորհակալագրեր:  ԵԿՄ  շնորհակալագրեր շնորհվեցին նաեւ այն անձանց ու կազմակերպություններին, որոնք մարտական գործողությունների ժամանակ թիկունքի աշխատանքներն էին ապահովել:

ԵԿՄ պատվոգրով պարգեւատրվեց նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց  բոլոր երկրապահներին՝ հայրենիքի պաշտպանության անձնվեր գործն անելու համար։ 

Հանդիպման հաջորդ կանգառը Մեղրին էր: Այստեղ եւս ԵԿՄ վարչության նախագահը ներկայացրեց ԵԿՄ գործունեության առաջնային եւ կարեւոր հարցերը, քննարկվեցին սահմանային անվտանգության ապահովման գործում ԵԿՄ մասնակցության մասին հարցեր, Պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված հարցեր:

Երկրապահները բարձրացրեցին հարցեր, որոնց հանգամանալից պատասխանեց ԵԿՄ վարչության նախագահը:

Մեղրի համայնքի ղեկավարը խոսեց երկրապահ կամավորականների միության մեր պետության համար կարեւոր լինելու դերակատարություն մասին:

ԵԿՄ Մեղրիի տարածքային բաժանմունքնում Վարչության նախագահը պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց երկրապահներին:

ԵԿՄ վարչության նախագահը հանդիպեց նաեւ Քաջարանի երկրապահների հետ: Այստեղ ներկաները այցելեցին Քաջարանի զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին անմահացած հայորդիների շիրիմներին: ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքում Սասուն Միքայելյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին՝ վերանորոգման եւ կահավորման համար ցուցումներ տվեց: 

ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ հաջորդ այցը ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքն էր: Այստեղ Գորիսի պատանի երկրապահ ակումբի սաները փոքրիկ հայրենասիրական միջոցառում էին կազմակերպել:

Ելույթի խոսքով հանդես եկան ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքնում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Աշխատանքներին ծանոթանալու եւ տեղում ամենն ուսումնասիրելու համար ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այցելեց Սիսիանի տարածքային բաժանմունք:

Վայոց ձորի մարզում եւս իրականացվում են ե՛ւ բաժանմունքների հետ կապված աշխատանքներ, ե՛ւ երկրապահական գործունեությանն ուղղված աշխատանքներ: Վայք համայնքում բաժանմունքի նոր մասնաշենք կվերաբացվի, իսկ Խաչիկ համայնքում կհիմնվի ԵԿՄ նոր տարածքային բաժանմունք: ԵԿՄ վարչության նախագահը շրջեց Վայք եւ Խաչիկ համայնքներով: Խաչիկ համայնքում զրուցեց երկրապահների եւ ժողովրդի հետ, ծանոթացավ առկա խնդիրներին: Վերջինիս կարգադրությամբ Վայք եւ Խաչիկ համայնքներում բաժանմունքների ընդլայնման հետ կապված հարցերը կստանան արագ լուծումներ:

Երկրապահ կամավորականների միությունը հատկապես այս իրավիճակում կարեւորում է երկրապահական ընտանիքի ընդլայնումն ու գործունեությունը: Երկրապահը հավատարիմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին մեր պետության կողքին է, մեր հայրենիքի սահմաններում:

ԱՄԵՆԱՆՈՐԸ