ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, վարչության անդամները, մարզային խորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահները Վայոց ձորի մարզում անցկացրեցին ընդլայնված նիստ: Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետը, Սյունիքի մարզպետը, Վայոց ձորի ուժային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, մարզի երկրապահները:
Հանդիպումն անցավ քննարկումներով, բարձրացվեցին հրատապ եւ կարեւոր հարցեր:
Համաձայն ԵԿՄ կանոնադրության վարչության նախագահը Վայոց ձորի մարզխորհրդի եւ Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի նախագահների փոփոխության հրաման էր ստորագրել:
ԵԿՄ վարչության նախագահի 08.02.2022թ. որոշմամբ դադարեցվեցին ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ Թարո Ավետյանի լիազորությունները, նոր նախագահ նշանակվեց ԵԿՄ Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի նախագահ Մասիս Ղազարյանը, ըստ վարչության նախագահի հրամանի Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Սեդրակյանը, մինչ ընտրություն կազմակերպելը:
Ելույթի իր խոսքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հույս հայտնեց, որ նորանշանակ ղեկավարները մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները: Նա խոսեց ԵԿՄ գործունեության, մարզային բաժանմունքներում իրականացվող աշխատանքների, սահմանային իրավիճակի եւ ԵԿՄ ներգրավվածության մասին:
ԵԿՄ վարչության նախագահն իր խոսքում կարեւորեց մարզային իշխանություն-ուժային կառույցներ-ԵԿՄ համագործակցությունը: «Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները»,-նշեց վերջինս: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց եւ վստահեցրեց, որ արդյունավետ համագործակցությունն անշուշտ շարունակական է լինելու:
Ելույթի խոսք ասացին նորանշանակ ղեկավարները:
Մարզում ակտիվ գործունեություն է ծավալել «Պատանի երկրապահ» ակումը: Պատանիներն ակտիվ մասնակցում են դասընթացներին, կազմակերպվող միջոցառումներին:
Հանդիպման վերջում փոքրիկ հաշվետվություն ներկայացվեց պարգեւատրումների մասին: Մարզում եւս անցկացվեց պարգեւատրման արարողություն: ԵԿՄ վարչության նախագահի հրամանով պարգեւատրվեցին ԵԿՄ Վայոց ձորի տարածքային բաժանմունքին աջակցություն ցուցաբերած աձիք, Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ ԵԿՄ պատվոգրով պարգեւատրվեցին մարզի երկրապահները:
Վարչության նախագահի միջնորդությամբ, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար շնորհվեցին նաեւ Կառավարական եւ Գերատեսչական մեդալներ, պաշտպանության նախարարության պատվոգրեր:


