«Մեկընդմիշտ հասկանանք՝ այս բանակը մեր ընդհանուրի արդյունքն է: Այս բանակը, փա՛ռք Աստծո, այլեւս օրորոցի երեխա չէ, արդեն քայլեր է գցում: Նա դեռեւս խնամքի կարիք ունի: Դեռ շատ պիտի ընկնի-ելնի, մինչեւ դառնա ամուր, հասուն տղամարդ: Բանակը ազգային արժեք է: Այն մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է: Սա խորապես անկուսակցական բանակ է, այս տարածաշրջանի եւ ժամանակի համար շատ մարտունակ: Այն մեզ հավերժորեն անհրաժեշտ է»,-Վազգեն Սարգսյան:
1992թ. հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը, եւ նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Պատերազմական իրավիճակում ՝ ժամանակի պարտադրանքով, եւ ինչպես Սպարապետն էր ասում ՝ ինքնակրթությամբ ստեղծվեց Ազգային բանակը, որը մեզ հավերժորեն անհրաժեշտ է:
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Հունվարի 28-ը բանակի տոնն է, այն բանակի, որը իր վրա վերցրեց թշնամու գերժամանակակից զինտեխնիկայի, արգելված զինատեսակների հարվածները եւ արեց ամեն հնարավորը, որպեսզի ապահովի մեր պետության անվտանգությունը:
Մեր խոնարհումը հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակի առջեւ:
Մեր ազգային հպարտություններից է Հայոց Ազգային բանակը: Բանակում ծառայելով են կոփվում, դառնում մարտունակ, ավելի բանիմաց, բանակում ծառայելու տարիներին, երկրի անվտանգության ապահովման գործում ավանդ ներդնելիս հայրենասիրության այնպիսի զգացումներ են ձեւավորվում, որպիսիք անհնար է ստանալ ամբողջ կյանքի ընթացքում:
Մեր բանակը ծնունդ առավ դժվարին ժամանակներում, անժխտելի փաստ է, որ բանակի հիմքն ու հենասյունը երկրապահն է, կամավորականներն են, զինվորականն ու մտավորականն է, շինարարն ու բանվորն է, Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության արդյունավետ գործունեությունն է:
ԵԿՄ-ն հետպատերազմյա տարիներին էլ կատարում է իր սրբազան առաքելությունը ՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով Հայաստանին, Արցախ աշխարհին. այդպես եղել է, այդպես լինելու է ՝ երկրապահը ամուր կանգնած է զինվորի կողքին:
Մենք այսօր էլ թեւ ու թիկունք ենք մեր հզորացող բանակին: 2020թ. նոյեմբերի 10-ից սկսած Երկրապահ կամավորականների միությունը իր ձեւավորած գումարտակներով մարտական հերթապահություն է իրականացնում մեր պետության սահմաններում:
Երկրապահ կամավորականների միությունը երիտասարդանում է: Շատ երիտասարդներ համալրում են մեր շարքերը, ակտիվ գործունեություն է ծավալել »Պատանի երկրապահ« ակումբը, որտեղ մեր սաները ՝ մեր պատանի երկրապահները ուսանում են այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ ամբողջ կյանքում կիրառելու համար: Մեր պատանի երկրապահները ապագա զինվորներն են ՝ բանիմաց եւ շատ ու շատ գիտելիքներ ստացած:
Հայրենակիցնե՛ր,
«Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, ովքեր կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել եւ՛ համախմբված, եւ՛ հետեւողական շարունակել պայքարը»,- ասում էր ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը:
Մենք դեռ շատ գործ ունենք անելու, մենք պետք է թողնենք խռովությունները, միմյանց փնովելն ու միմյանց հանդեպ թշնամանքով լցվելը: Դարեր շարունակ խոսել ենք հաղթանակներից, դարեր շարունակ ընկել ու բարձրացել ենք հենց մեր ներքին անկայունության հետեւանքով:
Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է հզոր բանակ, ամուր պետություն, միմյանց հարգող համախմբված քաղաքացիներ:
Տո՛նդ շնորհավոր, դժվարին ճանապարհներով անցնող Հայոց բանակ,
Թող մեր ամեն առավոտը բացվի խաղաղությամբ:
Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահներին, կամավորականներին,
Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ ՝ Ս.Մ.Միքայելյան


