Երկրապահ կամավորականների միությունը 2021թ. իրականացրեց տարվա կտրվածքով իր առջեւ դրված խնդիրները:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հանձնարարականով, բանակի հետ համատեղ երկրապահները շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել պետական սահմաններում: 44-օրյա պատերազմին երկրապահ կամավորականների միությունը մասնակցության բարձր ցուցանիշ ցուցաբերեց, որից հետո նոյեմբերի 9-ից երկրապահը մարտական հերթապահություն է իրականացնում իր իսկ գումարտակներով:
Դրան զուգահեռ մեկնարկեցին մարզային հանդիպումները: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ շրջայցեր իրականացվեցին ԵԿՄ Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզերում, Երեւան քաղաքի բոլոր տարածքային բաժանմունքներում: Հիմնական քննարկվող թեմաներն էին` ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող հարցեր: Ներկայացվում էին «Պատանի երկրապահ» ակումբի սաների համար նախատեսված վկայականը, ակումբի գործունեությանն առնչվող հարցեր: Այցերի ընթացքում իրականացվել են պարգեւատրման արարողություններ: ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ անդամներ արժանացել են շքանշանների, մեդալների, պատվոգրերի: 2021թ. Հայաստանի Հանրապետության Կառավարական մեդալներով եւ շքանշանով պարգեւատրվել են 74 երկրապահ, որից 7-ը «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշան, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով հետմահու պարգեւատրվել է 4 երկրապահ կամավորական, «Հայրենիքի պաշտպանության համար 1 աստիճանի» շքանշանով պարգեւատրվել են 2, «Հայրենիքի պաշտպանության համար 2 աստիճանի» շքանշանով 4 երկրապահ կամավորական: 44-օրյա պատերազմում անմահացած 37 հայորդի հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պաշտպանության նախարարության Գերատեսչական մեդալով պարգեւատրվել են 288 երկրապահ կամավորական: Մարզային այցերը, հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ:
Այս ընթացքում այցեր են իրականացվել նաեւ սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին:
Համակարգված եւ ընդլայնված գործունեություն է իրականացնում ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումը:
2021թվականը լայնածավալ աշխատանքների տարի էր ԵԿՄ «Պատանի երկրապահ ուսումնամարզական» ճամբարի համար: Ճամբարն այս տարի ընդունեց 2000 պատանի երկրապահի Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Սփյուռքից:
Մինչ պատանիների ճամբարական առօրյան կազմակերպելը այստեղ իրականացվել էին վերանորոգման աշխատանքներ:
ԵԿՄ վարչության կողմից հաստատված օրակարգով, հատուկ մշակված սննդակարգով ճամբարն այս տարի դռները բացեց իր մշտական այցելուների՝ Պատանի երկրապահների համար հուլիս ամսվա երկրորդ շաբաթից:
Պատանի երկրապահի շարքերը համալրելու համար անհրաժեշտ է դիմել ԵԿՄ մարզային եւ տարածքային բաժանմունքներ: Անհրաժեշտ է
- Դիմում ծնողների համաձայնությամբ, ստորագրությամբ
2. Ծնողների անձնագրերի պատճեներ
3. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
4. Բժշկական տեղեկանք, որտեղ անպայման նշված է երեխայի արյան կարգը եւ
5. 3 հատ լուսանկար «3×4» չափսի
ԵԿՄ վարչությունն աշխատում է ամենօրյա հագեցած գրաֆիկով: Կազմակերպվում են միջոցառումներ, շրջայցեր եւ ծանոթություն ԵԿՄ թանգարանում, իրականացվում են ամենատարբեր աշխատանքներ, բարձրացվող հարցերին տրամադրվում են բովանդակային պատասխաններ:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով քաղաքացիների, ավագ, պատանի եւ երիտասարդ երկրապահների եւ մեր պետության հանդեպ ամենայն պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ աշխատում են ԵԿՄ Երեւան քաղաքի եւ մարզերի բոլոր բաժանմունքները: 2022թվականն էլ աշխատանքների տարի է: Երկրապահ կամավորականները հավատարիմ գաղափարներին, հավատարիմ երդմանը ծառայել, ծառայելու են հանուն մեր հայրենիքի անվտանգ ապագայի:
Իսկ 40տ.-ից բարձր այն անձինք, ովքեր ցանկանում են համալրել ԵԿՄ շարքերը կարող են դիմել ԵԿՄ իրենց տարածքային եւ մարզային բաժանմունքներ՝ գրանցման համար:


