Նոյեմբերի 28-ին Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից, մեր պետության սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական եւ Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներից, երկրապահ կամավորականների միության ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներից Սամվել Հովսեփյանը` Ադմիրալ Սամոն կդառնար 63 տարեկան: 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի սկսման օրերից նրա վիճակը կտրուկ վատացել էր, սակայն նա այդ օրերին կրկին ձեռքն էր վերցրել զենքն ու մեկնել էր մարտի դաշտ: Բայց ծանր հիվանդությունն էլ ավելի էր խորացել եւ Սամվել Հովսեփյանը 2016թ. նոյեմբերի 9-ին կնքեց մահկանացուն:
Նոյեմբերի 28-ին Եռաբլուրի բարձունքը մարդաշատ էր: Երկրապահները, իր հրամանատարությամբ կազմավորված «Արծիվ 24» մահապարտների կամավորական ջոկատի անդամները հարգանքի տուրք մատուցեցին անմահացած հրամանատարի շիրիմի առաջ:
Ապա երկրապահ կամավորականների միության վարչության նիստերի դահլիճում մեկնարկեց հանդիսավոր միջոցառում:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին անմահացած հայորդիների, մահացած մարտական ընկերների վառ հիշատակի համար:
Ցուցադրվեց ԵԿՄ լրատվության բաժնի կողմից պատրաստված փաստավավերագրական ֆիլմ:
Ներկաները հուշեր պատմեցին, վերհիշեցին կենսուրախ, խիստ, ընկերասեր, հայրենասեր Սամվել Հովսեփյանի հետ անցկացրած իրենց օրերը: Ելույթի խոսքով հանդես եկան գնդապետ Հովսեփյանի որդին, եղբայրը:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ նման տղաների արած գործն ու սխրանքը չի կարելի մոռանալ:
Սասուն Միքայելյանի առաջարկությամբ Սամվել Հովսեփյանին հետմահու շնորհվեց ՀՀ Կառավարական «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշան:
ՀՀ Գերատեսչական մեդալներով հետմահու պարգեւատրվեցին ԵԿՄ «Արծիվ 24» մահապարտներ գումարտակի անմահացած քաջորդիներ:
ԵԿՄ վարչության նախագահի հրամանով շնորհվեցին նաեւ ԵԿՄ պատվոգրեր: