Փա՛ռք նահատակներին

Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարեւանությամբ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ կառուցվել է Պանթեոն, որտեղ ամփոփված են ոչ միայն «Սասուն» կամավորական ջոկատի փառապանծ ուղով անցած կամավորականներ, այլեւ զինվորականներ, կամավորականներ, 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիներ։

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Պանթեոնում հանգչող քաջորդիների սխրանքը խորհրդանշող Արծվի տեսքով  հուշակոթողի բացման արարողությունը։

Հնչեցին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Երկրապահ կամավորականների միության օրհներգները:

Աղոթք կարդաց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

44-օրյա պատերազմը խլեց կյանքեր, որի արյան գնով գծվեց մեր խաղաղության սահմանը։ Մենք պարտավոր ենք ապրել եւ բարձր պահել հայի անունը՝ հանուն մեր նահատակված հայորդիներ։

Միջոցառման ժամանակ խոսք ասացին 44-օրյա պատերազմում անմահացած հայրենիքի անկախության եւ կայացման գործում իր ավանդը ներդրած հրամանատար, Սասուն ջոկատի ազատամարտիկ, երկրապահ կամավորական  Շահեն Ղազարյանի հայրը Ժորա Ղազարյանը եւ 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդի, կամավորական Հովհաննես Մարկոսյանի պապը Ալբերտ Մարկոսյանը:

Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանն իր խոսքում նշեց, որ մենք իրավունք չունենք հոգեպես թույլ լինելու, մենք պետք է հոգեպես ուժեղ լինենք, համախմբվենք:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, մենք պետք է գիտակցաբար մոտենանք այսօրվա իրավիճակին, վաղվա օրվան:

Հնչեցին անմահացած քաջորդիների վառ հիշատակին նվիրված կատարումներ:

ԵԿՄ վարչության նախագահի հրամանով պատվոգրով եւ շնորհակալագրով պարգեւատրվեցին հուշակոթողի քանդակագործը, Պանթեոնի վերակառուցմանն աջակցած անձիք, վարպետները: Վերջում ներկաները Պանթեոնում լուռ աղոթեցին եւ խնկարկեցին անմահացած քաջերի վառ հիշատակի համար։

ԱՄԵՆԱՆՈՐԸ