22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը: 1999թ-ի հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական, ամոթալի էջերից մեկն է։ Այդ օրը խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, Վարչապետ Վազգեն Սարգսյանը, 8 պետական գործիչներ:
Պետությունն արմատախիլ անելու, մեր պետության հենարանը կոտրելու դաժան իրականություն։ Սպանվեցին ոչ միայն անհատներ, սպանվեց մի համակարգ, որն ամեն օր աշխատում էր Հայաստան եւ Արցախ պետությունների ապահով եւ անվտանգ ապագա կերտելու համար։
Հայ ժողովուրդը կորցրեց մեր նորանկախ պետականության կերտման համար իրենց մեծ ավանդը ներդրած անհատների:
Երկրապահ կամավորականները կորցրեցին իրենց նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, բանակը՝ հիմնադիր կորցրեց: Մինչ այսօր երկրապահ կամավորականները գործում են Վազգեն Սարգսյանի գաղափարներով առաջնորդվելով:
«Ես հավատում եմ Հայաստանի ապագային…» ասում էր Սպարապետը:
2020թ. դաժան, ցավոտ վերքեր թողեց, բայց հենց այդ վերքերի ցավը մեղմելու համար պետք է հավատանք, համախմբվենք եւ կերտենք մեր ապագան: