ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում երեխաների առօրյան հագեցած է: «Պատանի երկրապահ» ակումբի սաներն այստեղ ուսանում են շարային հմտություններ, կրակային եւ ֆիզիկակական պատրաստության, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու հմտություններ, կազմակերպվում են նաեւ դասընթացներ տարբեր առարկաներից: Այս օրերին ճամբարային իրենց հանգիստն են անցկացնում երկրորդ հերթափոխի սաները՝ շուրջ 300 պատանի, որոնցից 114 Արցախից:
Ուսումնամարզական ճամբարում կազմակերպվող դասընթացիների շրջանակում, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի եւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի միջեւ ձեռք բերված փոխհամաձայնության արդյունքում օրերս անցկացվեց գործնական պարապմունք: Պարապմունքն անցկացրեցին «Մարտական խաչ 1-ին աստիճանի» ասպետ, գնդապետ Արայիկ Սարգսյանը, կորպուսի հրամկազմից, բուժանձնակազմից ներկայացուցիչներ, 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորներ, սպաներ:
Պատանիները մեծ ոգեւորությամբ, ուշադրությամբ մասնակցեցին դասապրոցեսին: Ակտիվ քննարկում, հարց ու պատասխաններ հնչեցին: Ձեռք բերված համագործակցության արդյունքում նման բովանդակության հանդիպումներ ճամբարականների համար հաճախակի կլինեն: