Գեղարքունիքի մարզում գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում հուլիսի 17-ին տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողություն:
ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, գեներալներ, սպաներ, մարզպետներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահներ, հյուրեր, բարերարներ, պատանիների ծնողներ:
Մինչ միջոցառման պաշտոնական մասի մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին ճամբարում տեղադրված խաչքարի առջեւ:
Ապա մեկնարկեց միջոցառման հանդիսավոր հատվածը:
Ներկաներին ողջունեց եւ աղոթքի խոսք ասաց Տեր Տարոն քահանան:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ուղջույնի խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասացին նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Պատանի երկրապահ» ակումբը Երկրապահ կամավորականների միության այն ամուր կորիզն է, որը կրթվելով եւ դաստիարակվելով հաղթանակած սերնդի ոգով շարունակելու է ազգանվեր գործը:
Արդեն 24 տարի գործում է «Պատանի երկրապահ» ակումբը: Շուրջ 13 տարի Պատանի երկրապահ ուսումնամարզական ճամբարն ընդունում է իր հյուրերին` եռասերունդ երկրապահին: Մինչեւ օգոստոսի վերջ այստեղ իրենց ճամբարային առօրյան կանցկանեն հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի ավելի քան 3 հազար պատանի երկրապահներ: Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է դասացուցակ-օրակարգ, որը հիմնականում մոտեցված է զինվորական կարգացուցակին: Օրակարգում ընդգրկված են նաեւ ուսումնական եւ հանգստի ժամեր:
ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու»:
Պատանի երկրապահ ակումբի սաներից շատերն այսօր զինվորներ են, շատերն աշխատում են ռազմական ոլորտում: Էդմոնդ Հովակիմյանը պատանի երկրապահ ակումբի սաներից է, ով հերոսաբար մարտնչել է Արցախյան 44-օրյա պատերազմին: Վերջինս իր սրտի խոսքն ասաց ներկաներին:
ԵԿՄ պատվոգրով` ԵԿՄ Պատանի երկրապահ ուսումնամարզական ճամբարին ցուցաբերած աջակցության համար պարգեւատրվեցին բարերարներ: Վարչության նախագահի հրամանով ԵԿՄ պատվոգրով եւ շնորհակալգրով պարգեւատրվեցին առավել ակտիվություն ցուցաբերած պատանի երկրապահներն ու հրամկազմը:
Ապա մեկնարկեց միջոցառման թերեւս ամենասպասված հատվածը`առաջին հերթափոխում ճամբարում հանգստացող Պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթներով:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի կարգադրությամբ ճամբարում կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան խոչընդոտներով արգելագոտի:
Վարչության նախագահի հրամանով ամեն մարզից 4 երիտասարդ զորանոցային պայմաններում, եռամսյա ժամկետով անցնելու է համապատասխան մարզումներ: Սա մեծ հնարավորություն է մարզումներն առավել արդյունավետ եւ օգտակար դարձնելու համար: Պարապմունքներին կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից երիտասարդները, ովքեր հետագայում մարզերում կանցկացնեն այն եւ կընդլայվի մասնակիցների թիվը: ԵԿՄ Հատուկ վաշտի սաների ցուցադրեցին հատված նորակառույց արգելագոտիում անցկացվող պարապմունքներից:
Միջոցառման պաշտոնական հատվածն ավարտվեց Պատանի երկրապահների շարային քայլերթով:
Ապա ներկաները ԵԿՄ վարչության նախագահի, Պաշտպանության նախարարի ուղեկցությամբ շրջեցին ճամբարի տարածքում, ծանոթացան համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետեւեցին անցկացվող դասընթացներին: Հավելենք, որ ճամբարում ապահովված են մասնակիցների անվտանգությունը, հետաքրքիր առօրյան, երեքանգամյա սնունդը, բուժսպասարկումը: Այստեղ դասընթացներն անցկացնում են ամեն ոլորտի մասնագետներ ինչպես գործնական, այնպես էլ տեսական: