Մարզային այցերի շրջանակում հունիսի 7-ին երկրապահական հանդիպում-քննարկում անցկացվեց Արարատի մարզում

Հունիսի 7-ին ԵԿՄ վարչության, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահները, վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ  Արարատի մարզում էին:

Մարզային այցերի շրջանակում հանդիպում-քննարկում անցկացվեց մարզի երկրապահների հետ, ներկա էր նաեւ Արարատի մարզպետ Ռամզիկ Թեւոնյանը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների անմահ հիշատակը: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր խոսքում եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց երկրապահներին, մարտական ընկերներին, որ այս տարիների ընթացքում հավատարիմ երդմանը, հավատարիմ Սպարապետի պատգամին ծառայել եւ ծառայում են հայրենիքին:

Հանդիպումն անցավ բուռն քննարկմներով: Ներկաները, հյուրերը այս տարածաշրջանում հատկապես կարեւորեցին փաստը, որ Արարատի մարզը ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայրն է:

Սպարապետն ասում էր. «Երեխան դեռ դպրոցից պետք է իմանա՝ ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում»: Երկրապահ կամավորականների միությունում շարունակվում է «Պատանի երկրապահ» ակումբի գործունեությունը: Ակումբի շարքերը համալրած մարզի պատանի երկրապահները երդվեցին հավատարիմ մնալ ԵԿՄ կանոնադրությանն ու ստացան «Պատանի երկրապահ»-ի անդամատոմսերը:

Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՀՀ Կառավարական մեդալներով եւ ՊՆ Գերատեսչական մեդալներով եւ պատվոգրով պարգեւատրվեցին մարզի երկրապահներ: Բարձրագույն՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով» պարգեւատրվեց ԵԿՄ Արարատի մարզային խորհրդի նախագահ Սայեն Հայրապետյանը:

 Սասուն Միքայելյանի հրամանով շնորհվեցին նաեւ ԵԿՄ պատվոգրեր:

ԱՄԵՆԱՆՈՐԸ