Ուղերձ Հանրապետության օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ
Շնորհավորում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության շնորհիվ: Դարավոր պայքարի արդյունքում մենք վերջապես մեր միասնության, ապագայի տեսլականով ապացուցեցինք, որ հայն անկոտրուն է եւ նույնիսկ անհավասար պայմաններում տեր է իր պետությանն ու պետականությանը:

Առաջին Հանրապետությունը կարճ տեւեց, բայց մեր դարավոր երազանքն էր ունենալ պետություն, պետականություն, հզո՛ր հայրենիք: Տարիներ շարունակ մեր ժողովուրդը տարբեր փորձությունների դիմակայեց, որի գագաթնակետը դարձավ Արցախյան ազատամարտը: Եվ հայ ժողովուրդը կրկին իր համախմբվածությամբ, զենքով, բահով, գրչով, ցրտին ու սովին դիմանալով տարավ այդ մեծ հաղթանակը: Մենք պարտավոր ենք միասնությամբ տեր կանգնել մեր ժողովրդի նվաճումներին, մեր պատմությանը:

Երկրապահական ջոկատների հիմքի վրա, պատերազմի շնչում Բանակ ստեղծած մեր սերունդն ունեցել է լուրջ ձեռքբերումներ, հաղթանակներ: Մենք երկրապահներս միշտ կանգնած ենք եղել հայոց պետականաշինության, բանակաշինության ակունքներում:

Այսօր մեր պետությունը կրկին ծանր փորձություների միջով է անցնում. մենք կանգնած ենք պայքարի ճանապարհին: Սակայն հավատում ենք, որ համազգային համախմբվածության շնորհիվ կհասնենք արդարության ամեն հարցում՝ մենք կհաղթահարենք դժվարություններ:

Մեր խոնարհումը որդեկորույս մայրերին,
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորներին, ազատամարտիկներին,
Փա՛ռք ու պատիվ նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.
‹‹Սթափվել է պետք, պատերազմը դեռ չի ավարտվել:
Վերջապես ես վախենում եմ բոլոր չվախեցողներից՝ անտարբերներից, արկածախնդիրներից, ժողովրդի բոլոր հնարավոր ‹‹փրկիչներից››: Ուզում եք փրկել՝ խնդրեմ, լծվեք, միասին տանենք այս ծանր նավը: Աշխատանք այնքան կա, որ բոլորիս կհերիքի, բոլոր հայերին՝ աշխարհի բոլոր ծայրերում: Միայն այսպես մենք կամրապնդենք մեր համազգային, համաշխարհային դիմադրությունը վաղվա փորձությունների նկատմամբ››:

Հարգելի՛ ժողովուրդ
Սխալվելու, հիասթափվելու իրավունք չունենք: Մեր անցած փառավոր հաղթանակների, տարբեր ժամանակների մեր հերոս հայորդիների օրինակով եւ, իհարկե, մեր հավատքի, միմյանց հանդեպ վստահության եւ միասնության շնորհիվ մենք պետք է կերտենք մեր հզոր հայրենիքի խաղաղ ապագան, որպեսզի սերունդներին թողնենք իրենց նախնիներով հպարտանալու ժամանակներ:
Այսօրվա իրավիճակը շատ ծանր է եւ մենք պարտավոր ենք միասնական լինելու, որպեսզի արյունով ներկված հաղթանակները, նահատակների արյամբ սրբացած մեր հայրենիքը էլ ավելի զարգացնենք, հզորացնենք:

Փա՛ռք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին, Սփյուռքին:

ՀՀ ԵԿՄ վարչություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ