Մայիսի 8-ին Երկրապահի օրվա առթիվ ԵԿՄ վարչության շենքը եւ Եռաբլուր զինվորական պանթեոնը բազմամարդ էր

Երկրապահները՝ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ծաղկեդրեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:

Ապա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում երկրապահները, ներկաները, Պատանի երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրմաքարերին, Արցախյան Ազատամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմներին:

Երկրապահները՝ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ԵԿՄ վարչության անդամների, մարզխորհրդի նախագահների, տարածքային բաժանմունքների նախագահների գլխավորությամբ խնկարկեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմներին:

Երկրապահի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որտեղ մասնավորապես շեշտել էր. «Պետք է գիտակցենք, որ ամեն մեկիցս է կախված մեր վաղվա պայծառ ապագան: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է հավատքը չկորցնելն ու համազգային համախմբվածությունը»:

ԵԿՄ-ն հավատարիմ մնալով իր պատգամին, հավատարիմ մնալով իր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարախոսություններին միակամ եւ ամուր կանգնած է Հայաստան եւ Արցախ պետությունների, իր ժողովրդի, իր բանակի կողքին:

ԱՄԵՆԱՆՈՐԸ