Մարզային այցերի հերթական հանդիպումն անցկացվեց Տավուշի մարզում

Շարունակելով մարզային այցերը, Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անդամները՝ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Տավուշի մարզում էին:

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Աշոտ Երիցյանի գլխավորությամբ մարզկենտրոն Իջեւանում անցկացվեց աշխատանքային հանդիպում քննարկում, ԵԿՄ Տավուշի մարզի տարածքային բաժանմունքների նախագահների, անդամների մասնակցությամբ:  Քննարկվեցին ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, բաժանմունքներում առկա խնդիրներին առնչվող հարցեր:

Այնուհետեւ Տավուշի մարզպետարանի դահլիճում մեկնարկեց հանդիսավոր նիստը, որին մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային բաժանմունքների նախագահներ, ազատամարտիկներ, պատանի, երիտասարդ երկրապահներ եւ այլ հյուրեր:

Նախքան նիստի աշխատանքներն սկսելը, ԵԿՄ վարչության նախագահը խնդրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում զոհված հերոս նահատակների  անմահ հիշատակը:

Սասուն Միքայելյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող, կառույցի երիտասարդացմանն ու կառույցի գործունեությանն առնչվող հարցերի: Նա իր խոսքում շեշտեց, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման գործում այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է համազգային համախմբվածությունը:

Ողջույնի խոսք ասաց նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Տեղի ունեցավ «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման հանդիսավոր արարողություն, ապա նրանք ստացան ԵԿՄ «Պատանի երկրապահ» վկայականները:

Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՊՆ Գերատեսչական մեդալներով, ինչպես նաեւ ԵԿՄ պատվոգրով պարգեւատրվեցին տավուշցի երկրապահները: ԵԿՄ պատվոգրով պարգեւատրվեցին նաեւ Տավուշի մարզպետը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը եւ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետը:

ԱՄԵՆԱՆՈՐԸ