Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկել են մարզային այցերը

Ապրիլի 15-ին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, վարչության անդամ, գեներալ Մարտին Կարապետյանը, վարչության անդամներ, ԵԿՄ տարածքային բաժանմունքների, մարզխորհրդի նախագահներ, անդամներ Սյունիքի մարզում էին: Աշխատանքային խորհրդակցություն՝ հանդիպում-քննարկում անցկացվեց Սյունիքի մարզպետարանում՝ ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ: Քննարկվեցին ԵԿՄ առաջիկա ծրագրերին վերաբերող, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող հարցեր: Ներկայացվեց «Պատանի երկրապահ» ակումբի սաների համար նախատեսված վկայականը, որի հանձնման հանդիսավոր արարողություն էր նախատեսված մարզում:

Ապա Կապանի Գարեգին Նժդեհ հուշահամալիրի մոտ անցկացվեց հուշ-ցերեկույթ: Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատմության, անցած ուղու մասին պատմական ակնարկ ներկայացվեց ներկաներին: Կապանի, Գորիսի «Պատանի երկրապահ» ակումների սաների, սյունեցիների մասնակցությամբ հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում անմահացած կապանցի հայորդիների եւ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ: Որից հետո հենց այդ սուրբ վայրում տեղի ունեցավ Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը:

Երդվելով հավատարիմ մնալ «Պատանի երկրապահ» ակումբի որդեգրած պատգամին, ավագների գործը արժանավայել շարունակելու խոստում տալով, պատանիները ստացան անդամագրվելու նոր վկայականները։ Ներկաները համոզված էին՝ «Պատանի երկրապահը» ազգային արժեք է՝ վաղվա հզոր ապագան:

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց երկրապահներին մինչ օրս Սյունիքի ահմանների անվտանգությունն ամուր ու ապահով պահելու համար:

Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՊՆ Գերատեսչական եւ ՀՀ Կառավարական մեդալների արժանացան սյունեցի երկրապահներ:

Մարզային նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու: Հերթական այցերի ընթացքում եւս նախատեսված են պարգեւատրման արարողություններ, պատանի երկրապահների հետ հանդիպումներ:

ԱՄԵՆԱՆՈՐԸ