Ոչինչ չի մոռացվի…

Սիրելի´ հայրենակիցներ

Պատմությունը ցույց է տալիս, որ հայրենի հողում ապրելու, մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ:

Այդ պայքարի ուղին շատ ծանր ու դաժան է, եւ մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու բազում հայորդիների կյանքի գնով ձեռք բերած անկախությունը:

2016 թվականի ապրիլյան այս օրերին Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Առավել թեժ մարտեր ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում։ Պատերազմում անդառնալի կորուստներից խուսափելն անհնար է:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:

Փա´ռք ու պատիվ նահատակված քաջերին:

 Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել եւ ոչ մի օր: Այդ երկրի ղեկավարությունը բացահայտ ցույց է տվել եւ այսօր էլ ցույց է տալիս իր զավթողական քաղաքականությունը:

2020թ. աշնանը իր բարեկամ երկրների միջազգային ահաբեկիչների օգնությամբ,  նաեւ միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակներ օգտագործելով կրկին փորձեց հայաթափման ծրագիր իրականացնել:

Սակայն մեր թշնամիները դարերի ընթացքում պետք է հասկացած լինեին, որ մենք հայրենատեր, պայքարող ազգ ենք, մենք երբեք չենք ծնկի՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես:

Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրէջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները՝ մեր հավաքական կամքի, մեր միասնության շնորհիվ:

Փա´ռք մեր բանակին, զինվորներին, կամավորներին,

Փա´ռք հերոսածին մայրերին, մեր խոնարհումը որդեկորույս ընտանիքներին,

Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին,

Փա´ռք հայ ժողովրդին:

 Սիրելի´ հայրենակիցներ

Երկրապահները  հավատարիմ առաքելությանը ծառայել, ծառայում եւ ծառայելու են հանուն մեր Անկախ պետության, մեր ամուր պետականության պահպանման:

Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Եթե մենք միասնական ենք, պիտի զգուշանանք…մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են…»: Եվ այո´, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին, որպեսզի պատմությունն այլեւս չկրկնվի եւ մենք վերջապես ապրենք խաղաղ ու ապահով:

ՀՀ ԵԿՄ վարչություն

 

spot_img

ԱՄԵՆԱՆՈՐԸ