Սումգայիթի ոճրագործությունից անցել է 33 տարի

1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները սկսեցին հայերի բնաջնջման գործընթացը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ:

Հայ ազգի դեմ իրականացրած այդ հանցագործության նպատակն էր հայերին ահաբեկելով, նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Այդ տարածքներում սկսվեց արտագաղթն ու փախուստը: Ջարդերի օրերին շատ փախստականներ ապաստանեցին Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում:

Հերթական ոճրագործությունից անցել է արդեն 33 տարի, սակայն ականատեսները մինչ օրս չեն կարողանում խոսել այդ օրերի իրենց ապրումների մասին:

Գաղթելով հայրենի բնակավայրերից նրանք իրենց կյանքը սկսել են ամենասկզբից. չունենալով տուն, հագուստ, ուտելիք մեծ դժվարությամբ կարողացել են պահել իրենց եւ զավակների գոյությունը:

Սումգաիթ քաղաքում ադրբեջանցիների արյունալի բարբարոսություններին, ըստ պաշտոնական տվյալների զոհ են գնացել 26 քաղաքացի, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն այդ օրերին դաժանաբար սպանվել են ազգությամբ հայ 100-ից ավելի խաղաղ քաղաքացի:

Մեր դարավոր թշնամին երբեք չի փոխվի, մենք այսօր առավել քան երբեւէ պետք է զգոն լինենք, համախմբվենք եւ հզորանանք, պետք է ամուր պահենք  սահմանները:

Երկրապահները հավատարիմ իրենց առաքելությանը մեր անկախ պետականության գաղափարակիրն ու զինվորն են:

 Խաղաղության պահպանման համար մեզ անհրաժեշտ է ունենալ միասնական ժողովուրդ, ուժեղ բանակ: Այսօր մեր վիրավոր բանակին ամուր թիկունք է անհարժեշտ: Երկրապահ կամավորականները այս օրերին մեր երկրի սահմաններում են: Մեկամսյա ժամկետով, հերթափոխով ՀՀ ԵԿՄ մարզային եւ տարածքային բաժանմունքների, ԵԿՄ-ի հետ համագործակցող կառույցների անդամները մեկնում են մարտական հերթապահության:

Մենք առավել քան երբեւէ պետք է ամրացնենք մեր դիրքերն ու լինենք համախմբված:

Հիրավի դարեր շարունակ արհավիրքների միջով անցած հայ մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ խաղաղության հասնելու համար տարիների փորձը ցույց է տվել, որ մեր միասնությունն է եղել միակ գրավականը:

Հավերժ հիշատակ Սումգայիթի ոճրագործությանը զոհ գնացած անմեղ ժողովրդին:

ՀՀ ԵԿՄ վարչություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ