ԵԿՄ վարչության նախագահի, անդամների, ՊՆ ներկայացուցչի, Հանրային խորհրդի ուժային կառույցների հանձնաժողովի նախագահի, ՀԽ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահի, անդամների, մասնակցությամբ ԵԿՄ վարչությունում անցկացվեց համատեղ քննարկում: Քննարկվում էր ՀՀ գրող, դրամատուրգ, «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիր ղեկավար Հովհաննես Ներզեթյանի ծրագիրը:
Պատերազմի հետեւանքով նման իրավիճակում հայտնվելուց հետո բոլորիս մտորումներում մի գաղափար է՝ վերադարձնել ՄԵՐ տարածքները, էլ ավելի ուժեղացնել ՀԱՅ-ի անունն ու դիրքը աշխարհում: Այս ամենին հասնելու համար թերեւս անհրաժեշտ են հանրային համատեղ քննարկումներ ամենատարբեր թեմաներով, որոնց արդյունքում կնշվեն նորանոր գաղափարներ, ապա այդ գաղափարները ի կատար կածվեն եւ մենք վերջապես կունենանք մեր երազած հայրենիքն ու կապահովագրենք ապագայի մեր անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը:
Քննարկումն անցավ աշխատանքային մթնոլորտում: Երկրապահները առանձնացված ապագայի տեսլականի շուրջ հայտնեցին մտահոգությունները, կարծիքները: Շատ հարցերում ըստ ունեցած փորձի պնդեցին իրենց մտահոգությունները, հանդես եկան տարբեր առաջարկներով:
Համատեղ քննարկմանը մասնակցող Հանրային խորհրդի անդամները վստահեցրեցին, որ նման քննարկումների արդյունքում կծնվեն նոր գաղափարներ եւ հեղինակի ծրագիրը վերջիվերջո էլ ավելի հիմնավոր ու արդյունավետ կդառնա: Իրենց համոզմամբ պարզապես սխալ կլիներ, եթե նման թեմայի շուրջ քննարկումը առաջին հերթին չծավալվեր ՀՀ ԵԿՄ վարչությունում՝ երեք պատերազմ անցած հայրենասեր երկրապահ կամավորականների հետ:
Երկրապահ կամավորականների միությունում ստեղծված իրավիճակի վերլուծմամբ, ամենօրյա աշխատանք է իրականացվում՝ ելքեր փնտրելու, մեր հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգությունը ուժեղացնելու, բանակի կողքին լինելու, բանակի թիկունքն ամուր պահելու, ուղղությամբ: Երկրապահները մինչ օրս սահմաններում են եւ ամենայն պատասխանատվությամբ իրականացնում են մարտական հերթապահությունն ու սահմանների անվտանգության պահպանումը՝ չկորցնելով հավատը, որ մենք միասնական կազատագրեն կորցրած տարածքները: