1992թ. հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Պատերազմական իրավիճակում՝ ժամանակի պարտադրանքով, եւ ինչպես Սպարապետն էր ասում՝ ինքնակրթությամբ ստեղծվեց Ազգային բանակը:
Հայոց Ազգային բանակը մեր նորանկախ պետության ամենամեծ ձեռքբերումն էր: 2020թ. աշունը երբեք չի մոռացվի, բոլորս այդ օրերը անասելի ցավով կհիշենք: Եվ ամեն օր շնորհակալություն կհայտնենք հայ զինվորին, կամավորին, որոնց կյանքի գնով այսօր մենք շարունակում ենք ապրել հայրենի հողի վրա:
Հունվարի 28-ը բանակի տոնն է, այն բանակի, որը իր վրա վերցրեց թշնամու գերժամանակակից զինտեխնիկայի, արգելված զինատեսակների հարվածները եւ արեց ամեն հնարավորը, որպեսզի ապահովի մեր պետության անվտանգությունը:
Երկրապահ կամավորականները միության եւ վարչության անդամները Բանակի օրվա առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում էին: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում հանգչող Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հերոս նահատակների շիրիմներին:
Բանակի օրվա առթիվ փոքրիկ մրցաշար էր կազմակերպվել ՀՀ ԵԿՄ վարչությունում՝ պատանի երկրապահների մասնակցությամբ:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած պատանի երկրապահներն արժանացան պատվոգրերի եւ մեդալների:
Պատանի, երիտասարդ երկրապահ ակումբի անդամները շրջաց կատարեցին ԵԿՄ վարչության թանգարան-գրադարանում: