Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

    Արդեն 32 տարի դեկտեմբերի 7-ին հայ ժողովուրդը սգում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

    Վայրկյաններ տեւած արհավիրքի հետեւանքները շատ ծանր էին, հայ ժողովուրդը մեծ ցնուցում ապրեց. ավելի քան 25,000 զոհ, մոտ 130,000 վիրավոր, 514.000 բնակիչ մնաց անօթեւան, ավերվեցին քաղաքներ, վնասվեց արտադրական հզորությունների, կրթամշակութային եւ սոցիալական կառույցների գերակշիռ մասը: Աղետի գոտի անվանումն ստացած տարածքին մեծ օգնություն ցուցաբերեցին աշխահասփյուռ հայերը, տարբեր երկրներ: Հանրապետության հյուսիսարեւմտյան այդ մասում տարիների ընթացքում կամաց-կամաց վերականգնվել եւ վերականգնվում է մշակույթը, տնտեսությունը, ավերված շենքերի փոխարեն կառուցվում են նորերը: 32 տարի է անցել, բայց մենք դեռ մեր հայացքներն ուղղում ենք աղետի գոտի:

   Բնական աղետներն անխուսափելի են, կարող են խլել հազարավոր մարդկային կյանքեր, հասցնել սարսափելի վնասներ:

    Մեր պատմության հերթական ցավոտ օրերից է դեկտեմբերի 7-ը, այդ օրվա զոհերի հիշատակը մեր հիշողություններում է:

    Մենք դարերի պատմություն ունենք, որքան ցավ ենք տեսել, տառապանք, բայց միշտ էլ հաղթահարել ենք ցավը, միշտ էլ մեր մեջ ուժ ենք գտել պայքարելու եւ դա եղել է մեր համախմբվածության շնորհիվ:

Հայրենակիցներ,

    Այսօր էլ մենք դժվար ու ծանր օրեր ենք ապրում: Այսօր էլ մեզ միասնություն ու համախմբվածություն է անհրաժեշտ: Մեզ միմյանց հանդեպ վստահություն է անհրաժեշտ, մենք պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ եւ փորձենք հերթական անգամ դասեր քաղելով մեր բաց թողած սխալներից, մեր պատմությունից, հայացքներն ու ուժերը ուղղել մեր վիրավոր հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու վերականգնմանը: Եղել են ժամանակներ, որ ճակատագրական անհաջողություններ ենք ունեցել, սակայն մեր անկոտրուն կամքի, մեր միասնության, մեր հայրենասիրության շնորհիվ կրկին կանգնել ենք, պայքարել ենք, մեր կյանքի գնով պահել ենք մեր հայրենիքը, ապրելու իրավունքը, մեր արժանապատվությունը:

    Մենք՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում կրկին մեր մեջ պետք է ուժ գտնենք ու կերտենք մեր ապագան:

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅՈՒՆ

ԱՄԵՆԱՆՈՐԸ